Հայաստանը առանձին տաղավարով Վիեննայում՝ Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին
Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Եվս մի քանի օր՝ մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կցուցադրվի շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:

Այս տարվա Շպիտելբերգի տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։
Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի, Ժողովրդական արվեստների թանգարանի և «Ֆաստեքս» ընկերության և հետ համագործակցությամբ։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառն իրականացվում է դեռևս 1970-ականներից: Այն Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների։ Տոնավաճառը տեղի է ունենում Վիեննայի պատմական Շպիտելբերգ թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում, որոնք առանձնանում են իրենց ճարտարապետությամբ։