Ամանորյա տոնական դիմակահանդես-պարահանդես՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Դեկտեմբերի 25-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ամանորյա տոնական դիմակահանդես-պարահանդես։ Ժամը 19։00-ից սկսած համերգասրահի շքեղ սրահները լի են լինելու կենդանի երաժշտությամբ, պարերով ու ամանորյա ջերմ տրամադրությամբ:
 
Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։
 
«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը» (Մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան)։
 
Շլացուցիչ վիզուալ պրոյեկցիայի և հիասքանչ երաժշտության համադրությամբ մասնակիցները կտեղափոխվեն դիմակահանդեսի կախարդական աշխարհ։
 
Համերգային մասից հետո կսկսվի իրական խրախճանքը. պարասրահը կլցվի էլեգանտ առեղծվածով, հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Մասնակիցները կարող են վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել՝ դիմակահանդեսի նրբաճաշակ և ոճային մթնոլորտում։
 
Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ մասնակիցները կարող են պարել մինչև ուշ գիշեր։
 
Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը։