Եռամսյակը համեմատաբար հանդարտ է եղել լրագրողների համար

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Մեդիա կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԸ ներկայացրել է 2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
 
2024թ․ երրորդ եռամսյակը լրագրողների գործունեության համար եղել է համեմատաբար հանդարտ ժամանակաշրջան, ինչը մեծապես պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում դադարել էին ներքին խժդժությունները, բողոքի ակցիաները և որպես կանոն դրանց զուգորդող ընդհարումները։ Այսպես` հուլիս-սեպտեմբեր ամիսներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի գրանցվել։ Նվազել են տարատեսակ այլ ճնշումների դեպքերը․դրանք 11-ն են, ինչը 2,5 անգամ պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից։ Սակայն կրկնակիից ավելի աճել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ հասնելով 41-ի։
 
Եռամսյակի ընթացքում դարձյալ արձանագրվել են լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների կողմից։ Այս փաստերը ազատ խոսքի, այլակարծության հանդեպ անհանդուրժողականության վկայություններ են։
 
Լուրջ խնդիր է մնում լրատվամիջոցների բևեռացվածությունը, ինչը չի նպաստում իրադարձությունների անաչառ լուսաբանմանն ու երկրում որակյալ լրագրության տարածմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ չեն ընդունում մասնագիտական էթիկայի նորմերը, չեն հետևում դրանց, և դա խոչընդոտ է ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման համար։ Իրավիճակի բարելավմանն է միտված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը մշակվել է մի շարք լրագրողական կազմակերպությունների, Արդարադատության նախարարության և ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի համագործակցությամբ։ Այն ուղարկվել է ՀՀ կառավարություն, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ վերջինիս փորձագիտական եզրակացությունը ստանալու նպատակով։ 
 
Դիտարկվող ժամանակահատվածի դրական առանձնահատկություններից է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական նոր հայցերի քանակի նվազումը։ Այդ հայցերի թիվը 6-ն է (երկրորդ եռամսյակում 17 էր)՝ բոլորը զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Հայցվորների մեջ է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացրած պաշտոնյաների շարքում առաջատարներից է։
 
Լրագրողների համար խնդրահարույց է մնում պետական մարմիններից տեղեկություններ ստանալը։ Սա լուրջ խոչընդոտ է հանրային հնչեղություն ունեցող թեմաների լուսաբանման համար և հաճախ ապատեղեկատվության պատճառ է դառնում։ Դիտարկվող եռամսյակի ընթացքում այդպիսի ցայտուն օրինակ էր հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ոստիկանության գործողությունների և հատուկ միջոցների կիրառման մասին ԶԼՄ-ների հարցումները անտեսելը կամ դրանց ոչ պատշաճ, որոշ դեպքերում նաև՝ ապակողմնորոշող պատասխաններ տրամադրելը։ Այս առումով նախևառաջ աչքի ընկան Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունները, որոնք հարցումներին «լղոզված» պատասխաններ ուղարկելով՝ փորձեցին ժամանակ շահել և ի վերջո փոփոխություններ կատարեցին իրենց ներքին իրավական ակտերում, որպեսզի հատուկ միջոցների կիրառումը հիմնավորված համարվի, իսկ օրինականության հետ կապված խնդիրները չբարձրաձայնվեն։
 
Եռամսյակի ուշագրավ իրադարձություններից էր հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել լրագրող Արմեն Քոլոյանը։ Մրցույթի 8 մասնակիցներից 2-ը՝ լրագրող Լուսինե Պետրոսյանը և Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, մտադրություն են հայտնել դատական ճանապարհով վիճարկել մրցույթի արդյունքները՝ կասկածներ հայտնելով դրա օբյեկտիվության առնչությամբ։ Դատական հայց ներկայացրել է դեռևս միայն Լուսինե Պետրոսյանը։ 
 
Հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել Էլեկտրիկ Երևանի իրադարձությունների՝ 2015թ․ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունների հետևանքով տուժած լրագրողների գործով։ Հիշեցնենք՝ այդ լրագրողներից 3-ը դիմել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, որը ցայսօր ներկայացնում է նրանց շահերը։ Մեկ գործը Եվրոպական դատարանում է։ Իսկ մյուս 2-ը 2020թ․ ուղարկվել էին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, որտեղից էլ ս․ թ․ սեպտեմբերի 4-ին հարցում է ստացվել առ այն, թե արդյո՞ք ԽԱՊԿ-ը շարունակում է պնդել,  որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն անդրադառնա տուժած լրագրողների պաշտպանության խնդրին։ Ստանալով դրական պատասխան՝ այդ միջազգային ատյանը խնդրել է տրամադրել գործում առկա փաստաթղթերի անգլերեն թարգմանությունը, ինչն արվել է։ Սա հույս է ներշնչում, որ շուրջ 10 տարի առաջ լրագրողների նկատմամբ կիրառված վայրագությունները կստանան այս կառույցի իրավական գնահատականը։