«Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող լուծարվել»
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ՝ ՉԽԱԽՏԵԼ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախ հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների, մասնավորապես, ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելելու մասին օրինագիծ:
Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրորդ և վերջնական ընթերցմամբ կողմ էր քվեարկել օրինագծի ընդունմանը, որն արգելում է կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը երկրում։ Որոշումը դատարաններին հնարավորություն կտրվի լուծարել եկեղեցիները և դրանք փոխանցել այլ կրոնական կազմակերպությունների, առաջին հերթին՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը, որը թույլ է տալիս արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայի կրոնական կյանքի հետ կապված այս տագնապալի խնդրի առնչությամբ, երբ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ Հայ Եկեղեցու և մյուս եկեղեցիների կողմից արտահայտված արդարացի մտահոգությունները արձագանք չգտան ստեղծված քաղաքական իրավիճակի ազդեցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ «կոչով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը, պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգեւորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը,- նշել է քահանա Արթենյանը։
Արթենյանը նաև փաստել է, որ Հայ առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և եղբայրական ժողովուրդների միջև բարեկամությունը վերականգնվի։
Հավելենք, որ Ուկրաինայում վերջին շրջանի «օրենքներին» անդրադարձել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ ընդգծելով, որ ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող լուծարվել:
- Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքների մասին՝ ինձ մոտ վախ է առաջանում աղոթողների ազատության համար։ Ով իրապես աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար: Աղոթքը չի կարող չարություն կատարելու պատճառ լինել: Եթե ինչ-որ մեկը սեփական ժողովրդի դեմ չարություն է անում, նա մեղավոր կլինի դրա մեջ: Բայց նա աղոթելիս չարիք չի գործում: Եվ թող աղոթելու հնարավորություն ստանա նա, ով ցանկանում է աղոթել այն վայրում, որն իր եկեղեցին է համարում: Խնդրում եմ, թող ուղղակիորեն կամ անուղղակի չվերացվի ոչ մի քրիստոնեական եկեղեցի,- ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։