Ի մեծարումն Ամենայն հայոց բանաստեղծի

Հայաստանի մշակույթի գործիչների միության (ՀՄԳՄ) միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը փետրվարի 22-ին իրականացրեց միջազգային օնլայն կոնֆերանս՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155 ամյակին։
 
Կոնֆերանսը վարում էր հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի գրողների միության անդամ, ակադեմիկոս, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը  (Մխիթար Մոս-Մուշեղյան)։ Միջոցառմանը ներկա էին միջազգային մշակութային աշխարհի երկու տասնյակ գործիչներ՝ Ավստրալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, Ղազախստանից, Բելառուսից, Դանիայից, Կանադայից, Վրաստանից։ 
 
Որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան Մուշեղ Մխիթարյանը, ՀՄԳՄ վարչության անդամ Սոֆյա Սարգսյանը, ՀՄԳՄ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ստելլա Առաքելյանը։ Զեկույցներով հանդես եկան և իրենց պատկերացումները Հովհաննես Թումանյանի մասին հայտնեցին Բելառուսի գրողների միության նախագահի առաջին տեղակալ Ելենա Սպելմախը, Սլովենական մշակույթի զարգացման «Սվետոչ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն, բանաստեղծ Ալեքսանդր Սեմչենկոն, Ռուսաստանի գրականագետների միության նախագահ Իրինա Մանինան, Մոլդովայի Ալ․ Պուշկինի անվան Գրողների միության միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու քարտուղար, գրականագետ Լյուդմիլա Կուլիկովան, Քիշնևի Ալ․ Պուշկինի Տուն-թանգարանի տնօրեն Մարինա Պոդլեսնայան, Ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի ակադեմիկոս, ՌԳՄ անդամ, բանաստեղծ Իգոր Կռիլովը, բեմադրիչ, դերասան Անատոլի Լոբովը, մեր հայրենակիցներ՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներ Աշոտ Ավետիսյանը և Արմինե Մարտիրոսյանը։
 
Ջերմ մթնոլորտում անցկացված հանդիպման ընթացքում տարբեր լեզուներով հնչեցին Թումանյանի բանաստեղծությունները, եղան կառուցողական մտքափոխանակություններ։ Բանաստեղծություններ ընթերցեցին ՀՄԳՄ նախագահ Նարինե Մակրտումյանը, ՀՄԳՄ անդամ Արգամ Ափրիկյանը, Մուշեղ Մխիթարյանը, Լյուդմիլա Կուլիկովան, Ելենա Սպելմախը։