Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Գրքի տոնի շրջանակում

Գրքի տոնի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում այսօր կայացել է 2022 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից մշակված և կրթության կազմակերպմանը, արդյունավետության բարձրացմանն ու ներառականությանն ուղղված 13 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:
 
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՀՄԿ), Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից և հանրակրթական դպրոցներից:
 
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ուղղված աջակցող մասնագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և բոլոր երեխաների համար հասանելի և մատչելի կրթական միջավայրի ստեղծմանը, իսկ արդեն 2 տարի է՝ իրականացնում է նաև ուսումնական ձեռնարկների և աջակցող գրքերի ստեղծում ու հրատարակում:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով ՀՄԿ ներկայացուցիչներին նոր ձեռնարկների շնորհանդեսի կապակցությամբ, ընդգծել է՝ մեթոդական ձեռնարկների, ուսումնական նյութերի հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ոլորտում ներգրավված մասնագետների համար նոր հնարավորություններ ստեղծելու և կրթության ներառականությանը աջակցելու գործիքակազմը կրթական քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկն է:  
 
- Յուրաքանչյուրն, ով թեկուզ շատ փոքր գիտական կամ մեթոդական աշխատանք է կատարել, գիտի, թե ինչպիսի ջանքեր են անհրաժեշտ նման արդյունք ունենալու համար: Մեկ տարվա ընթացքում 13 ձեռնարկ ապահովելը շատ մարտահրավերային է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար, որը ՀՄԿ-ի թիմը պատվով իրագործեց:  Վստահ եմ՝ գործընթացը կլինի շարունակական և հետագայում ևս կապահովվեն բոլոր այն ձեռնարկները, որոնց կարիքն ունեն մեր մանկավարժները, սովորողներն ու ծնողները: Հայալեզու գրականությունը մեզ համար լուրջ խնդիր է և չնայած վերջին տարիներին գործադրած ջանքերին՝ այս առումով դեռևս ունենք բացեր,- ասել է  Արաքսիա Սվաջյանը:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մանկավարժահոգեբանական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների գործունեությանը՝ կարևորելով առավել լայն շրջանակով գործունեության ծավալումը.
 
- Կարևորում ենք բոլոր ուսումնական հաստատությունների բոլոր շահակից կողմերին մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրումը, քանի որ միայն այդպես է հնարավոր դպրոցներում ապահովել այն բարենպաստ և հոգեբանական տեսանկյունից ապահով միջավայրը, որը տանելու է դեպի կրթության որակի փոփոխության: Ինչպես գիտեք, այժմ կրթական մեծ բարեփոխումների փուլում ենք, հատկապես հանրակրթության ոլորտում, ինչը նշանակում է, որ անելիքները շատ են, բայց դրանք միմյանց փոխկապակցված են: Յուրաքանչյուր օղակում գրանցված փոքրիկ հաջողություններն իրար միանալով ստեղծելու են այն մեծ պատկերը, որի արդյունքում ունենալու ենք առավել որակյալ կրթություն, ըստ այդմ նաև առավել զարգացած տնտեսություն, կայացած հասարակություն, քաղաքացիներ և արժանապատիվ կյանք:
 
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի խոսքով՝ ուսումնական ձեռնարկներում ներառված են նաև աշխատանքային գիրք-տետրեր իրենց մեթոդական ուղեցույցներով, որոնք դասագրքերի հարմարեցումներն են.
 
- Գործընթացը շարունակական է լինելու: 2020/21 թվականներին 11 ձեռնարկ հրատարակեցինք, նախորդ տարի՝ 13: Հույս ունենք՝ ձեռնարկների թիվն աստիճանաբար կավելանա: Տարածքային կենտրոնների միջոցով ձեռնարկներն, ըստ հայցերի, կբաժանենք դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին, որոնք այս պահին ունեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներ: Նպատակն այն է, որ այս ձեռնարկներով դեպի լավը փոխենք երեխաների և ուսուցիչների կյանքը,- ասել է Հայկուհի Ադամյանը:
 
Այնուհետև, ներկայացվել են ՀՄԿ-ի կողմից 2022 թվականին մշակված աշխատանքային գիրք-տետրերը, ուսուցչի մեթոդական ուղեցույցներն ու ձեռնարկները, որոնք շուտով հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով: