«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրիրը վերսկսվել է Վայոց ձորի մարզից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրիրը, որը սեպտեմբերի 6-ից վերսկսվել  է Վայոց ձորի մարզից:
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է 2022 թ. մայիսից: Այն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապերի ամրապնդմանը:
 
Վեցամսյա ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզերի շուրջ 1000 դպրոցականների հնարավորություն է տրվում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը: Ներկայացվում են պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: 
Ծրագրում ընդգրկված են 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործությունները: Տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվում են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվում կրթական ծրագրեր և դասախոսություններ՝ պատկերասրահի լավագույն մասնագետների մասնակցությամբ: 
 
«ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակներում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները հնարավորություն ունեն ճանաչելու հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք բերելու կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն): Դպրոցականները ծանոթանում են թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչը մեծապես կնպաստի կրթական համակարգում (ծրագրերում) լրջագույն բացի լրացմանը: Տեղեկություն է տրվում նաև Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին: 
 
Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, որը կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը: