Հարցեր՝ ուղղված հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանը

ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
 
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ՝ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերված քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների հնարավոր ցուցադրության ու հանրությանը հասանելի դարձնելու առաջարկները: 
 
Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի՝ «Զվարթնոց» համալիրի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված յուրահատուկ միջոցառումների մշակման և կազմակերպման  գլխավոր նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ: 
 
Աշխատանքային խմբի անդամներն առաջարկել են համագործակցել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, Օպերային թատրոնի մենակատարների, երաժիշտների, երգչախմբի մասնակցությամբ կազմակերպել ժամանակակից մոտեցումներով ներկայացումներ, որոնք «Զվարթնոց»-ը կդարձնեն երաժշտական մշակութային յուրօրինակ վայր: 
 
Օրակարգային մյուս հարցի վերաբերյալ աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկել են ապակե ցուցափեղկի տակ ցուցադրել նկուղային հարկաբաժինները, որի միջոցով յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն կունենա ծանոթանալու  պատմամշակութային ժառանգությանը: Ըստ այլ առաջարկների՝ պետք է տարածքը դեռևս փակ պահել:
 
Հանդիպման ավարտին որոշվել է մշակել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված փառատոների կազմակերպման և հետագայում այն իրականացնելու նպատակով հայեցակարգային ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ներկայացնելու ու հաստատելու համար կազմակերպել լրացուցիչ քննարկում: 
 
Հանրապետության հրապարակի ողջ տարածքում պահպանված  և 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների ցուցադրության իրականացման հնարավորությունները կքննարկվեն նաև հետագայում: