Անվճար բուժօգնություն՝ օլիմպիականներին
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ. օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները՝ շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ: Փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից:
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի խոսքով՝
- Եթե նախկինում մենք ապահովում էինք մարզիկների ամբուլատոր բուժօգնությունը, որը կազմակերպվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում գործող սպորտային բժշկության բաժանմունքում, այս փոփոխության արդյունքում` մեր օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և նախատեսված ծառայությունների փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություններից:
Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ առողջապահության նախարարարութունը տեղադրել է պետական պատվեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց բարձրորակ բժշկական օգնության` ժամանակակից սպորտում արդյունքներ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է.
- Պետք է լավ բուժօգնություն լինի թե՛ վնասվածքների բուժման, թե՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստության և թե՛ հետազոտությունների համար, որպեսզի մարզիկները լինեն մրցունակ և լավ մարզավիճակում:
Նշենք, որ մարզիկների համար գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված Սպորտային բժշկության բաժանմունքը, որն ամբողջությամբ կահավորված է և հագեցած անհրաժեշտ բժշկական սարքերով: