«Պատերազմից հետո մենք պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ»․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 21-ին հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները:
 
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին երկարամյա վաստակի ու ծառայության համար և ներկայացրել մշակույթի ոլորտի կարգավորմանը և ռազմավարական զարգացմանը միտված Կառավարության տեսլականը: 
 
- Մշակույթի բնագավառում համակարգային բարեփոխումներ կատարելու համար շատ կարևոր է լսել խնդիրների լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Արցախի ներկա իրավիճակին պետք է կարողանանք արձագանքել նաև մշակույթի միջոցով, որովհետև դուք եք հասարակության գաղափարական ու արժեքային շարժիչ ուժը: Պատերազմից հետո մենք պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել,- ասել է Ա. Բեգլարյանը:
 
Պետական նախարարը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ պատրաստ է պարբերաբար այսօրինակ հանդիպումներ ունենալ, որպեսզի որոշումների կայացումը լինի ներառական ու արդյունավետ:
 
Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել մշակույթի ոլորտի տարբեր հարցերի շուրջ, պետական նախարարը հանձնարարականներ է տվել բարձրացված որոշ հիմնախնդիրների լուծման նպատակով: