3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Առցանց ձևաչափով անցկացված Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի մասնակից  Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են  գովասանագրերի:
 
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը՝ Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ)  ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։ 
 
Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց,  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։ 
 
Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով,  առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։  Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:
 
Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։