«Պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության»
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԺՅՈՒՐԻԻՆ
Ինչպես արդեն հայտնի է՝ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ՝ ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հանդիսությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, այլ բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, օլիմպիադայի միջազգային կազմկոմիտեի և ժյուրի պատվիրակությունների անդամներ, ավելի քան 70 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
- Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Իբրև այն ժամանակվա ՀՀ կրթության և գիտության նախարար` պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր Կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում,- ելույթի խոսքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Միջազգային հյուրերին գիտակրթական կարևոր իրադարձությամբ Հայաստանում գտնվելու առիթով ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը.
- Անառարկելի է, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության։
«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ հյուրընկալության և հետհամաճարակային այս շրջանում միջոցառման կազմակերպումը ստանձնելու համար։ Նա նաև առանձնակի շնորհավորել է մասնակիցներին.
- Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
Այս առումով կարող եմ ասել, որ դուք բոլորդ հաղթողներ եք:
Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով։
Այնուհետև հնչեցվել են օլիմպիադայի մասնակիցների և ժյուրիի անդամների երդման տեքստերը։
Բացման հանդիսությունն ուղեկցվել է մշակութային կատարումներով: