Կողբ*Վարդավառին միացել են Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Project-ը

Հուլիսի 16-17-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում նախատեսվում է Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։
Տոնակատարության 2 օրվա ընթացքում ելույթներով հանդես կգան սիրված արտիստներ ու խմբեր։
 
Այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաև բազմաթիվ հյուրերի՝ ամբողջ Հայաստանից ու արտերկրից։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան վայելել Վարդավառի տոնը՝ դառնալով տոնական երթի, ազգային երգ ու պարի, ավանդական խաղերի, ջրոցու եւ Color Festival-ի մասնակից, ինչպես նաև լսել անցյալից մեզ ուղղված պատգամներն ու ուղերձը՝ ապագայից։
 
Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը։
 
- Մեր նպատակը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ մշակութային փոխանակությանը աջակցելն է։ Ուրախ ենք, որ Կողբ*Վարդավառին միացել են նման սիրված արտիստներ ու խմբեր, որոնցից յուրաքանչյուրի ելույթը իսկական տոն է, հատկապես, մշակութասեր Կողբում։ Սպասվում են ոչ միայն ինքնատիպ համերգային ծրագրեր, այլ նաև՝ յուրահատուկ շոու-ներկայացումներ ու այլ անակնկալներ, որոնք մեր հյուրերը կբացահայտեն՝ միանալով միջոցառմանը,-նշում է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը։
 
Հավելենք, որ «Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն: