Զորակոչից տարկետում տալու հնարավորություն

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր նախատեսվել է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար։
 
Գործադիրը հավանություն է տվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
 
Ըստ հիմնավորման, քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: 
 
Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում: 
 
Նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը: 
 
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը ՀՀ-ում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը:  
 
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով  տարկետման ինստիտուտը վերադարձվում է  բուհական համակարգ:
 
- Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն: Այսինքն՝ ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական որոշակի մասնագիտություններ, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: Շատ կարևոր է մի հանգամանք՝ կառավարությունն իր որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Պարոն Դումանյանը նշեց բուհերում երիտասարդ դասախոսների խնդիրը, ես կընդգծեմ հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասի խնդիրը: Եվ մենք այս հարցերը պետք է կարողանանք կառավարել և կարգավորել,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն  նաև  մեխանիզմներ այդ ուսանողների պարտավորությունների կատարմանը հետևելու համար: