Հոբելյանական այց

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԵՐԿԻՐԸ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՊՕՐԻՆԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր՝ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն այցն սկսել է Հավերժության պուրակից, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ  լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: 
 
Հոբելյանի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների:
 
- Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը: 
 
Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: 
 
․․․ Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել,- շնորհավորական իր խոսքում ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով․ 
 
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: 
 
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով: