Միշտ՝ զինված ուժերի կողքին

2022-ի հունիսի 21-ը հոբելյանական է Ոստիկանության զորքերի համար։ Ճիշտ 30 տարի առաջ՝ Արցախյան ազատամարտի հերոսական օրերին կազմավորված այս ստորաբաժանումը աշխարհազորի հետ պաշտպանեց մեր երկրի սահմանները` նաև երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ և պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Արցախյան կենաց-մահու մարտերում արտաքին թշնամու առաջ կանգնած Ոստիկանության զորքերը հանուն հայրենիքի, հանուն այսօրվա մարտական գործողությունների ընթացքում 56 զոհ տվեց, 4 զինծառայող էլ ճանաչվեց անհետ կորած։
 
 
Հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով․   
 
- Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն է: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:
 
ՀՀ Ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից:
 
Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:
 
Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանությոան զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի: 
 
Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին:
 
Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:
 
Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին: