Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Այսօր՝ հունիսի 12-ին, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան»  ծրագրի շրջանակներում:
 
- Ծրագրի շրջանակներում մեր նպատակն է անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել հաշմանդամություն իրավունքահենք մոտեցման տարածմանը՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց ներառմանը,- նշում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը:
 
«Փրկություն» ՀԿ-ի մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները ներկայացրեցին իրենց աշխատանքները: Ասում են՝ իրենց աշխատանքներում ներկայացրել են իրենց զգացողություններն ու մտքերը:
 
- Այս ցուցահանդեսի միջոցով մենք ցանկանում ենք հանրությանը իրազեկել մտավոր խնդիրներ ունեցող անձանց իրավունքների, կարողությունների և հնարավորությունների մասին։ Ներկայացված աշխատանքները մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ստեղծագործական երևակայության, աշխատանքային ներուժի, անկախ կյանքի ձգտման արտացոլումն են: Մենք նաև հանրությանը ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը՝ հնարավորություններ ստեղծելով նրանց ներառման համար,- հավելում է «Փրկություն» ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը:
 
Միջոցառմանը մասնակցեցին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցեցին կենտրոնի սաներին:  
 
 Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ