Եվրոպական հնագիտության օրերը՝ նաև Հայաստանում

Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։
 
Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap):  
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը՝ եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար, հանդիպումներ հնագետների  հետ, որոնք հանրությանը նկարագրում են իրենց մասնագիտության մանրամասները, ինչպես նաև տեղի են ունենում ժամանցային և կրթական մի շարք միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։ 
 
Հայաստանում անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ 
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և ոլորտի սիրահարների համար։