Փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱԼ ԷՌՆԵՍՏՈ ՕՏՏՈՆԵԻ ՀԵՏ

ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: 
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
 
Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար: Նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակույթի ոլորտում առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը։ 
 
- Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, կշարունակի նպաստել Կազմակերպության ռազմավարության ձևավորմանը և դրա արդյունավետ կյանքի կոչմանը: Մենք հավատարիմ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ առաջ մղելու համամարդկային արժեքները՝ խրախուսելով խաղաղության մշակույթը և ամրապնդելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը,- նշել է Վահրամ Դումանյանը: 
 
Հանդիպման ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա համագործակցության համատեքստում անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին:
 
- Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական առաքելություն ուղարկելու առնչությամբ և այս ընթացքում կառուցողական կերպով ներգրավված է եղել այդ առաքելության հնարավորինս արագ գործուղման գործընթացում։ Մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև այցելության ընթացքում հավասար թվաքանակով հայկական և ադրբեջանական մշակութային հուշարձաններ այցելելու պայմանի պահպանմամբ։ Ցավոք սրտի, մինչ օրս մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերին: Նման իրավիճակում առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կենսական,- ասել  է Վահրամ Դումանյանը: 
 
Ի պատասխան՝ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:
 
Նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է նաև, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զար¬գացման համաշխարհային համաժողովից (MONDIACULT), որին վստահաբար հայկական կողմն իր մասնակցությունը կունենա։ 
 
- Հիրավի խորհրդանշական է, որ 40 տարվա ընդմիջումից հետո MONDIACULT-ը կրկին տեղի կունենա Մեխիկոյում։ Հավատացած ենք, որ այդ համաժողովը կընձեռի ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ,- ընդգծել է նախարարը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերին, ինչի վերաբերյալ նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական՝ միասին հասնելով նոր արդյունքների:
 
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Էռնեստո Օտտոնեին է նվիրել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հրատարակությամբ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագիրքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հրատարակված, և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակած «Արցախի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը: Նախարարն այդ գրքերից մեկական օրինակ էլ խնդրել է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:
 
Նշենք, որ հոբելյանական միջոցառման կապակցությամբ հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի կունենա հոբելյանական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ  Արթուր Գրիգորյանը, Արմեն Պուչինյանը, Անի Մելիքյանը։ 
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ