«Փորձում են հագուրդ տալ քաղաքական ամբիցիաներին»

ՌԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի՛ հայրենակիցներ, ողջ աշխարհը և մեր հայրենիքը ընկղմվել են համավարակի ահավոր ճգնաժամի մեջ, որի հետևանքով ստիպված եղանք անցնելու արտակարգ իրավիճակում ապրելու կենսակերպին: Տվյալ իրավիճակում հայ ազգի համար, ինչպես պատմականորեն ձևավորված բոլոր օրհասական պահերին, մենք պարտավոր ենք բռունցքվել, դրսևորել բարձր ինքնագիտակցություն և կազմակերպվածություն:
 
Ճակատագիրը մեկ անգամ ևս փորձության է ենթարկում մեզ, կարծես  համոզվելու համար իրո՞ք մենք այնքան կենսունակ և  իմաստուն ժողովուրդ ենք, որն ի զորու է  հաղթահարել նման բարդության արհավիրքները: Մեզ բոլորիս համար ակնհայտ է տվյալ իրավիճակում ամուր պետականության բացառիկ կարևորությունը, իշխանությունների շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը: Ակնառու է, որ հայաստանյան իշխանությունները  ջանք չեն խնայում չարիքի դեմ պայքարի միջոցառումները պատշաճ իրականացնելու համար: Տարբեր բնույթի սոցիալական և տնտեսական ծրագրեր ֆինանսավորելով՝ ամեն ինչ արվում է մեղմելու քաղաքացիների սոցիալական, բարոյական և տնտեսական աննախադեպ խնդիրները: 
 
Ցավոք, այս բոլորով հանդերձ մեր հասարակության մեջ կան որոշակի շերտեր, որոնք դժգոհ են ամեն ինչից և մեղադրում են բոլորին, բացի իրենցից, քանզի իրենք չեն կարողանում կառավարել իրենց իսկ կենսակերպը արտակարգ դրության պայմաններում՝ առանց որևէ պատասխանատվության զգացումի հասարակության հանդեպ, առիթ են տալիս վարակի տարածմանը: «Կորոնան»  իր անտեսանելի շոշափուկները տարածել և սպառնում է ոչ միայն մարդկանց առողջությանն ու կյանքին, այլև որոշ մարդկանց քաղաքացիական ինքնագիտակցությանը, որոնք օգտվելով այս բարդ ու մեր ազգի համար վճռորոշ իրավիճակից, փորձում են հագուրդ տալ իրենց քաղաքական ամբիցիաներին:  
 
«Հրապարակ» օրաթերթի և «Ա1+»-ի կայքերում ապրիլի 1-ին  տեղադրվել է «Ցավոք, ոչ բոլոր հարցերն են իրատեսական և պատճառաբանված» վերնագրով անստորագիր, անպատասխանատու հայտարարություն Ռամկավար Ազատական կուսակցության անունից, նրա զինանշանի ներքո, առանց կուսակցության ղեկավար մարմնի գիտության, մինչդեռ Ռամկավար Ազատական կուսակցությունն  ունի ՀՀ պետական գրանցում՝ հաստատված համապատասխան խորհրդանիշերով և միայն կուսակցության Կենտրոնական վարչությունն իրավունք ունի  հանդես գալ քաղաքական բնույթի հայտարարություններով: Անհայտ «բարեգործները» ինչ նկատառումներով են իրենց քաղաքական զեղումները տեղավորել Ռամկավար Ազատական կուսակցության զինանշանի տակ՝ իրենց է միայն հայտնի: 
   
ՌԱԿ  Կենտրոնական վարչությունն իր բողոքն է արտահայտում և դատապարտում «Հրապարակ» օրաթերթի և «Ա1+»-ի խմբագրակազմերին  և հորդորում հեռացնել նյութը իրենց  կայքերից, և առաջիկայում զերծ մնալ ՌԱ կուսակցության բարի անունը շահարկելուց, քանզի ՌԱ կուսակցության բազմաթիվ այլ հայտարարություններից  ակնհայտ երևում է կուսակցության որդեգրած պետականամետ քաղաքական կողմնորոշումը: Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք այս հանգամանքի վրա հրավիրել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության ուշադրությունը, այն առումով, որ ՀՀ-ում  հայտարարված արտակարգ դրության պայմաններում նմանատիպ սադրիչ հրապարակումները կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում, այդ իսկ պատճառով խնդրում ենք հետևողական պայքար ծավալել նման երևույթների դեմ և պատասխանատվության ենթարկել վերոնշյալ  թերթերի խմբագրակազմերին  նմանատիպ անստորագիր և ինքնակոչ հայտարարություններ հրապարակելու  համար՝ անհրաժեշտության դեպքում նաև գրավոր կդիմենք ՀՀ  Ազգային Անվտանգության ծառայությանը:  
 
ՌԱԿ  ատենապետ՝ Հրաչյա Կարապետյան
Ատենադպիր՝ Սուրեն Սարգսյան