Աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունն արձանագրել է, որ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում:
 
Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ`  արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում:
 
Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում: 
 
Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն):
Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.
 
մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, 
 
սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
 
սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
 
չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
 
բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
 
սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով, 
 
առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,
 
պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,
 
չլողալ կասկածելի ջրամբարներում,
 
եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման: