«Եվ նորից Վերսալ»

Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ վաղը՝ հունիսի 21-ին, Միսլատայի Սոցիալական ծառայության կենտրոնում տեղի կունենա Գերմանիայում լույս տեսած՝ «Եվ նորից Վերսալ»  աշխատության  շնորհանդեսը: Գրքի հեղինակ Ալեքսանդր Սոսնովսկուն կընկերակցեն Վալենսիայի և Միսլատայի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, Վալենսիայի շրջանային պատգամավորներ, հայեր, ռուսներ, իսպանացիներ...
 
21-րդ դարը լի է 100-ամյակներով, և դրանց մեծամասնությունը 20-րդ դարի պատերազմներով ու հաշտության երերուն համաձայնագրերով է պայմանավորված։ Դրանցից մեկը 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում կնքված խաղաղության պայմանագիրն է, որի 100-ամյակը կլրանա առաջիկայում։
 
Վերսալի պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների, մյուս կողմից՝ կապիտուլացված Գերմանիայի միջև։ Անտանտի երկրների և Գերմանիայի դաշնակիցների միջև հաշտության պայմանագրեր կնքվեցին ավելի ուշ. Ավստրիայի հետ Սեն-Ժերմենյան պայմանագիրը՝ 1919 թ. սեպտեմբերի 10-ին, Բուլղարիայի հետ Նյոյի պայմանագիրը՝ 1919 թ. նոյեմբերի 27-ին, Հունգարիայի հետ Տրիանոնի պայմանագիրը՝ 1920 թ. հունիսի 4-ին և վերջապես Օսմանյան կայսրության հետ Սևրի պայմանագիրը՝ 1920 թ. օգոստոսի 10-ին: 
 
Վերսալի հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին, երբ որ վավերացվեց Գերմանիայի և չորս գլխավոր դաշնակից տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից։ Խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրներից ԱՄՆ, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ չվավերացրեց պայմանագիրը, քանի որ չէր ցանկանում մտնել Ազգերի Լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել էր Վերսալի հաշտության պայմանագրով։
 
Ավելի ուշ՝ 1921 թ. օգոստոսին ԱՄՆ-ը Գերմանայի հետ կնքեց առանձին պայմանագիր, որը համարյա Վերսալի հաշտության պայմանագրի կրկնօրինակն էր, բայց չէր պարունակում Ազգերի Լիգային վերաբերվող հոդվածները։ Ահա այս շահամոլական ու եսասիրության հանգի վրա հիմնված իրադարձությունների մասին է պատմում «Եվ նորից Վերսալ» աշխատությունը, որի համահեղինակներն են գերմանական World Economy ամսագրի հիմնադիր խմբագիր, Ռուսաստանի Բնական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Երեկո՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման մշտական հյուր Ալեքսանդր Սոսնովսկին և Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վիլլի Վիմերը։