«Հրաշք է, երբ 70 և 90տարեկան մարդիկ մտածում են՝ արի գիրք գրենք». Վաչագան Փահլևանյան

Լույս է տեսել երգիծաբան, ասմունքող Հրանտ Հորիզոնի և «Ոզնի» երգիծաթերթի պատասխանատու խմբագիր, երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանի (Լոռեցի) «Երգիծում են Հրանտ Հորիզոնը և Գուրգեն Լոռեցին» քաղաքական սուր հումոր պարունակող պատմվածքների գիրքը, որն անդրադառնում է ՀՀ երեք նախագահների օրոք տիրող քաղաքական իրավիճակին՝ մինչև Թավշյա հեղափոխություն:
 
Պատմվածքները գրքի տեսքով հրատարակվելուց առաջ զարդարել են «Ավանգարդ»-ի էջերը, որոնք հեղինակներին սիրով տրամադրել է գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը: Գրքի լույսընծայման առթիվ «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տիկին Ջուլիետը, ողջունելով և շնորհավորելով ինչպես գրքի հեղինակներին ու ընթերցողներին, այնպես էլ այն բոլոր մարդկանց, որոնք նպաստել են, որ ստեղծագործություններն ամփոփվեն գրքի տեսքով, ասաց. 
 
- Այս գիրքը մտավորականների ձգտումն է, նրանք ձգտել են ներկայացնել որոշ ժամանակահատվածի նկատմամբ իրենց հայացքը, իրենց համար մերժելին, ծիծաղելին: 
 
Ասուլիսին ներկա էր նաև «Մհերի դուռ» ամսագրի խմբագիր Նորայր Անդրեյանը: Նա նույնպես կարևորեց քաղաքական հումոր պարունակող գրքի հրատարակումը և նշեց. 
 
- Գիրքը մնում է արժեք, տպագրական արժեքին փոխարինող ոչինչ չկա, այսօրվա սերունդը տարված է էլեկտրոնային ընթերցումներով, սակայն պետք է հասկանալ գրքի մնայունությունը և տպագրական հմայքը: Շնորհավորում եմ, դուք լավագույն արժեք եք ստեղծել: 
 
Դիմելով ընթերցասեր հասարակությանը՝ պարոն Անդրեյանը վստահեցրեց, որ առողջ քաղաքական գործ որոնողները չեն սխալվի, եթե ընտրեն հենց այս գիրքը:
Էլ ի՞նչ գիրք՝ առանց ընթերցողների. ասուլիսի ընթացքում իր խոսքն ասաց նաև «Երգիծում են Հրանտ Հորիզոնը և Գուրգեն Լոռեցին» գրքի առաջին ընթերցողը՝ ռեժիսոր Վաչագան Փահլևանյանը: Նա անկեղծացավ, որ ամեն անգամ, երբ նոր գիրք է վերցնում կարդալու, մտածում է՝ կա՛մ «ե՞րբ կվերջացնեմ», կա՛մ՝ «այս մի տողն էլ կարդամ, նոր անցնեմ գործի»: Պարոն Փահլևանյանը նշեց, որ Հորիզոնի և Լոռեցու գիրքը կարդալու ընթացքում Վ. Փահլևանյանին միայն երկրորդ միտքն է առաջնորդել: 
 
- Հրաշք է, երբ 92 տարեկան մարդն այսօր գիրք է գրում, հրաշք է, երբ 70 և 90 տարեկան մարդիկ նստում մտածում են՝ արի գիրք գրենք: Սա բերում է մի զգացողության, որ մենք իրավունք ունենք ապրելու այս աշխարհում,- ասաց ռեժիսորը և հիշեց, որ մի օր Գյումրի գնալիս Հորիզոնին ասել է՝ գնամ-գամ, մի-մի բաժակ բան խմենք միասին: Հորիզոնը պատասխանել է՝ ես երկուսը կխմեմ: 
 
- Սրա մեջ կյանք կա,- ամփոփեց ռեժիսորը՝ միաժամանակ նշելով, որ ողջ հումորի և սարկազմի հետևում ինքը նաև հեղինակների ցավն է զգում է, որն ընկալվում է գրքի ենթատեքստում: 
 
Իսկապես, հումորով գրված պատմվածքները նաև խոր ցավ են պարունակում. դա չթաքցրեց նաև ինքը՝ հեղինակ Հ. Հորիզոնը. 
 
- Պատմվածքների մեջ ցավ կա, բայց մենք ծիծաղելով ենք անցնում, աշխատել ենք գոնե ժպիտ պարգևել մեր ընթերցողներին: Մեր հումորները ծիծաղելի չեն. վիշտ կա, տառապանք կա… 
 
Հեղինակը նաև նշեց, որ Գ. Լոռեցու հետ հավասար աշխատել են. 
 
- Ինչքան ինձ է վերաբերում գրքի հաջողությունը, նույնքան էլ՝ Գուրգենին:
 
- Հորիզոնն ինձ դրդեց, որ երկուսով աշխատենք, ասաց՝ բա ո՞նց են Իլֆն ու
Պետրովը համագործակցել, մենք էլ համագործակցենք: Արդեն 20 տարի է՝ մենք այս գործն ենք անում, նաև Հորիզոնի հիշողություններն ենք վերակենդանացնում մեր մեծերի մասին,- իր խոսքն այսպես սկսեց Գուրգեն Լոռեցին: 
 
Ինչպես արդեն վերը նշել էինք՝ գիրքն անդրադառնում է ՀՀ երեք նախագահների օրոք տիրող քաղաքական իրավիճակին, իսկ ինչ վերաբերում է նոր իշխանություններին, Գուրգեն Բալայանն ասաց, որ նրանց հետ կապված դեռ ոչինչ չունեն գրած. 
 
- Նոր իշխանությունների գործունեությունը դեռ ուսումնասիրում ենք:
 
Հարցին, թե հումորասե՞ր է արդյոք մեր ժողովուրդը, Հ. Հորիզոնը պատասխանեց. 
 
- Ես նկատել եմ, որ գրականության մեջ հումորիստները քիչ են, իսկ մենք տասնյակից ավելի ունեցել ենք: Մեր ժողովուրդն առանց հումորի չի կարողանում ապրել: 
 
Ջ. Մարտիրոսյանն էլ նկատեց. 
 
- Կարևորը՝ իշխանությունները հումորով չվերաբերվեն ժողովրդին:
 
Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ