«Եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք»

Հայաստանից մենաշնորհային և կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մեզ համար առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար հավասար պայմանների ապահովումը,- վերստին հավաստել է ՀՀ վարչապետը՝ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովում:
 
Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր,  միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային  կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք: 
 
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
 
- Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա  լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի  Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:
 
Սա թվով արդեն չորրորդ մարզային համաժողովն է, այսպիսի համաժողովները մենք շատ կարևորում ենք: Շատ կարևորում ենք այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների մակարդակը և որակը փոխվել են: Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել: Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում և, դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ: Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են: Բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք` որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք` ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման: Այս կարգի միջոցառումները, համաժողովները իսկապես կարևոր են, որպեսզի մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել` ներդրումային և տնտեսական զարգացման:
 
Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք: 
 
… Այնպես որ սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ ձեզ Գեղարքունիքի մարզում: Եկե՛ք Հայաստան, եկե՛ք Գեղարքունիքի մարզ, դրսևորե՛ք ձեր ստեղծարար, գործարար տաղանդը, հարստացե՛ք և հարստացրե՛ք: 
 
 
***
Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային-գործարար համաժողովները և տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ մարզպետարանների  համատեղ նախաձեռնությամբ: Դրանց նպատակն է՝ մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների: Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4-րդ մարզային ֆորումն է: Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը նվիրված ևս 6 համաժողով։