Հայ ասեղնագործուհու անհատական ցուցահանդեսը՝ Բրեմենում

Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն: Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում՝ իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։
 
Այսօր Գերմանիայի Բրեմեն քաղաքում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 7-ը։ Կցուցադրվեն շնորհալի վարպետի շուրջ 50 ասեղնագործ աշխատանքներ։ 
 
Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։ 
 
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է և հայկական ասեղնագործ արվեստը մեծ տեղ է գրավում ոչ միայն ազգային գեղարվեստական մշակույթում, այլև կարևոր ներդրում է համաշխարհային արվեստի գանձարանում: 
 
Ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանն այդ հնամենի ավանդույթների կրողն ու շարունակողն է։ Նրա ստեղծագործությունները յուրօրինակ են. տարբերվում են զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով, որոնցում առկա են երկրաչափական, բուսական, կենդանական ձևերի պարզ ու բարդ զուգորդումներ: Դրանք ձևով և գունային լուծումներով աղերսներ ունեն հայկական որմնանկարչության, մանրանկարչության, քարի ու փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության և խաչքարագործության հետ: 
Արմինե Խաչատրյանը «Արար». ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագրի շրջանակում գործող լավագույն դասավանդողներից է, որի նշանակալի ներդրումը ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ, Խանջյան և Մյասնիկյան համայնքների ձեռագործ սովորող աղջիկներին ու կանանց իր վարպետության գաղտնիքների անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցումն է։