Վերջին հանգրվանը՝ Եռաբլուրում

Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակն այսօր տարածած հաղորդագրությամբ ծանուցում է՝
 
- Նորագույն ազգային ազատագրական պայքարի կարապետ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր՝ հերոս Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևան են բերվել: Ազգային հերոսի վերջին հանգստավայրը, բնականաբար, լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է հերոսի խորհրդանշական տապանաքարը:
 
Այսպիսով սկիզբ է դրվում, աշխարհի տարբեր երկրներում հայության իրավունքների պաշտպանության համար պայքարած և զոհված ազատամարտիկների մասունքների տեղափոխումը Մայր Հայաստան:
 
Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգն անձնապես կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։
 
Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում ( Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանը այդ մեծ ցավը սրտում պահեց մինչև 1973 թ. հունվարի 27-ը, երբ 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում, գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, սփյուռքացած հայությանը ցույց տալով ազատագրական պայքարի գործնական ուղին, որի հետևանքով հայկական անտեսված դատը վերածվեց իր իրավունքների համար մարտնչող արժանապատիվ պայքարի ելած ժողովրդի պահանջատիրության։
 
Յանիկյանը իր պատմական քայլը կատարելուց հետո ինքնակամ ներկայացել է ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանել հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ Հերոսը 1973թ․-ի հունիս 2-ին ցմահ բանտարկության է դատապարտվել։ 1984-ի փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվել է հիվանդանոց և 17 օր հետո՝ փետրվարի 27-ին, մահկանացուն կնքել հիվանդանոցում։