Գնանկումը՝ որպես թիրախ

Որ դեղերի շուկայում ևս կուտակված խնդիրներ կան, որոնց ամեն օր բախվում է սպառողը՝ ակնհայտ է: ՀՀ կառավարության ղեկավարն այսօր անդրադարձել է այդ խնդրին՝ ընդգծելով.
 
- Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցրեցինք՝ հույս ունենալով, որ առնվազն մեծ մասով առկա խնդիրները լուծում ենք: Այսօրվա քննարկման թեման և առիթն է՝ հասկանալ, թե վերջին կարգավորումներով ինչ խնդիրներ ենք կարողացել լուծել, դեռ ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում են և ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում չեն, բայց լավ կլիներ, որ լինեին:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած այս խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 
 
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման խնդիրներին, մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման հնարավորություններին, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ հարցերի: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, առկա խնդիրների շուրջ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: 
 
Վարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է ձևավորել հարթակ, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ կանցկացվեն պարբերական քննարկումներ՝ առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, դեղերի շուկայի կարգավորումների շուրջ: 
 
- Մեր քննարկումների նպատակն է, որպեսզի դեղերի գները շուկայում նվազեն: Որպես թիրախ պետք է ունենանք գնանկումը, մեր գործողությունների նպատակը պետք է լինի դեղերի գների նվազումը, բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու,- ամփոփել է կառավարության ղեկավարը և Արսեն Թորոսյանին հանձնարարել որոշ ժամանակ անց իրեն զեկուցել քննարկումների արդյունքների մասին: