«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած՝ «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով քննարկմանը մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
 
- Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է առաջին հերթին նվիրի իր գործունեությունը բանակին, առողջական խնդիրներով առաջացած դեպքերին, բռնության դեպքերին և փոխի այդ իրավիճակը: Ինչքան կարող են զինվորները սպանվել և ինքնասպանվել, դժվար չէ այս  հարցերի կարգավորումը, պետությունը պետք է կամք դրսևորի, ինչը մենք չենք տեսնում,- իր այս տեսակետն է ներկայացրել Ժաննա Ալեքսանյանը:
 
ՀՀ զինված ուժերում շարունակվում են ամեն տարի գրանցվել խաղաղ 
պայմաններում մահվան դեպքեր, ինչպես նաև հրամանատարական կազմի կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, հոգեբանական, ֆիզիկական բռնության, նրանց  նկատմամբ անմարդկային կամ դաժան վերաբերմունքի դրսևորման դեպքեր: Ըստ պաշտոնական վիճակագրության` մահվանդեպքերի պատճառների մեջ ամեն տարի գրանցվում են ինքնասպանության կամ ինքնասպանության դրդման դեպքեր:
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2018 թվականին ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված 
ուժերում մահացության դեպքերիմասին հրապարակված տեղեկանքում նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինվորական 
դատախազության 2018թ. տվյալների համաձայն՝  բանակում մահացության 63 դեպքերից  38-ը կապված են զինվորական ծառայության հետ, իսկ 25-ը՝ ոչ, մինչդեռ ՀՀ քննչականկոմիտեի տվյալներով՝ 50 զինծառայողի մահացության դեպքից 37-ն են կապված  զինվորական ծառայության հետ, 13-ը՝ ոչ:
 
2018 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերը 7-ն են, իսկ ոչ մարտականը՝ 56-ը: Ոչ մարտական մահացությունների ցանկում մեծ թիվ են կազմում ավտովաթարի հետևանքով մահացությունները (17), առողջական խնդիրներով պայմանավորված մահացությունները (13) և
ինքնասպանություններ որակված դեպքերը (11): 
 
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2017 թ-ի համեմատ 2018-ին 
հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը 
նվազել են մոտ երեք անգամ (16-ով), 1-ով աճել է ինքնասպանություն որակված դեպքերի թիվը, ավելի քան 40 %-ով աճել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը և ավելի քան կրկնակի անգամ՝ ավտովթարի հետևանքով մահացության դեպքերի թիվը։
 
Ժաննա Ալեքսանյանն արձանագրեց, որ 2019 թ-ին բանակում արդեն գրանցվել է 11 մահվան դեպք:  
 
- Հեղափոխությունից հետո բանակի հանդեպ բացարձակ անտարբերություն է:  Նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել: Սպայական կազմը դուրս է վերահսկողությունից և պատասխանատվությունից: Առողջական խնդիրները ՊՆ-ի կողմից պատշաճորեն չեն վերահսկվում, զինվորները չեն ստանում պատշաճ բուժում, որ վերականգնեն կորցրած առողջությունը: Երբ զինվորի առողջական խնդրի մասին հարց է առաջանում, ՊՆ-ն դա դիտարկում է որպես սիմուլյանտություն: Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանատվությունից, իսկ քննչական մարմիններն անտարբեր և դանդաղկոտ վերաբերմունք են ցուցաբերում: Քննությունների անցկացման առումով բռնի մթնոլորտ և անպատժելիություն կա,-ընդգծեց բանախոսը:
 
Արա Ղարագյոզյանի դիտարկմամբ՝ ԵԽ որոշումները մնում են թղթի վրա, ո՛չ քննչական կոմիտեն, ո՛չ դատախազությունը չեն գործածում դրանք:
 
- Թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում բանակում անպատժելիությունը վերացնելու ուղղությամբ: Ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերում, շարունակում են ծառայել բանակում և շփվել մյուս զինվորների հետ: Քանի դեռ անպատժելիություն է տիրում, խոշտանգում կիրառողը, կյանքից զրկողը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, այս իրավիճակը կշարունակվի,- ասաց Ա. Ղարագյոզյանը:
 
Ռազմիկ Մարիկյանն էլ շեշտեց, որ պետությունը պետք է հստակ և տեսանելի քայլեր անի կյանքի իրավունքի ապահովման ուղղությամբ: 
 
- Հասարակությանը սեղմ ժամկետներում պետք է վստահելի աղբյուրներից տեղեկատվություն տրամադրվի, որպեսզի չստուգված այլ աղբյուրներից ինֆորմացիա չհասնի:
 
Նա նշեց նաև միջազգային չափանիշները, որոնք պետք է պահպանվեն նման գործերը քննելիս. անկախ մարմինների կողմից գործերի քննություն, պետության կողմից ապացույցներ հավաքելու պատշաճ ընթացակարգ, անհապաղ և ողջամիտ ժամկետներում գործերի քննություն և մանրակրկիտ քննության իրականացում: 
 
Քննարկման վերջում բանախոսներն իրենց առաջարկներն ուղղեցին պատկան կառույցներին՝ իրավիճակը զինված ուժերում բարեփոխելու ուղղությամբ. անպատժելիության վերացում, հաշվետվողականություն և թափանցիկություն, զինված ուժերում կարգապահության ուժեղացում, կարգապահական կանոնագրքի փոփոխություն, անհատական հոգեբանական աշխատանքներ զինծառայողների հետ, աղջամիտ ժամկետներում գործերի քննություն և հանրության իրազեկում: