«Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները»

ՖՄԿ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ բացման արարողության  իր խոսքում Վաչապետ Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է.
 
- ...Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:
 
Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։
 
Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։
 
Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար:
 
Հավելումն՝ ներկայացնենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ տրամադրած տեղեկատվությունից մի հատված.
 
ՖՄԿ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
 
Երևան քաղաքն առաջինն է ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ հաստատել Ֆրանկոֆոնիայի հետ՝ 1998թ. դառնալով Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ: Հայաստանը ՖՄԿ դիտորդի կարգավիճակ է ստացել 2003 թվականին, իսկ 2008 թվականին դարձել է կազմակերպության ասոցացված անդամ, այնուհետև, վեց տարի առաջ՝ 2012 թվականին, ՀՀ-ն դարձավ կազմակերպության լիիրավ անդամ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-պետությունը:
 
ՖՄԿ-ն ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Կազմակերպությունն այն առաջին անգամ հայտնել է 2010 թվականին Շվեյցարիայում.
 
- Հաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով: Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք: 
 
ՖՄԿ-ն և Հայաստանը համագործակցում են մի շարք ոլորտներում՝ ֆրանսերենի ուսուցման և Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածման ու ամրապնդման ուղղությամբ։ Այսպես, օրինակ, ՖՄԿ-ն աջակցում է հայկական դպրոցների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման  և ՀՀ պետական գործիչների համար ֆրանսերենի դասընթացների կազմակերպման գործում։ 
 
Գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Որևէ նախկին խորհրդային հանրապետություն երբևէ չի հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով։ Ավելին՝ հարավկովկասյան երեք հանրապետություններից միայն Հայաստանն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ Վրաստանն ունի դիտորդի կարգավիճակ։ Նախկին խորհրդային հանրապետություններից անդամի կարգավիճակ ունի Մոլդովան, իսկ դիտորդի կարգավիճակ ունեն Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ուկրաինան։