Նորանշանակումներ և նախանշումներ
ՀՀ վարչապետն այսօր համապատասխան գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ԱԻ նորանշանակ նախարարներ Հակոբ Արշակյանինին, Գարեգին Բաղրամյանին, Ֆելիքս Ցոլակյանին` համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով և իրենց հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթելով պաշտոնաթող նախարարներին:
- ...Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի հաղթանակն անշրջելի է, և ինչքան շուտ սա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար: Վերջին միջազգային հարցումների համաձայն` մեր կառավարությունը, հեղափոխությունն ունի ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելիի աջակցությունը: Կարծում եմ` այս և մյուս փաստերը պետք է բոլորիս հուշեն, որ հին էջից պետք է դուրս գալ:
Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հին էջից դուրս գալ, մենք կփակենք հին էջը, և նրանք նույնպես կմնան հին էջում: Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում իրենց գործերում, իրենց կյանքում և առօրյայում: Բայց Հայաստանն իսկապես ազատ և երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչ ոք և ոչինչ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ հստակ սա գիտակցենք,- ընդգծել է նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:
Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո Վարչապետը կարևորել է պրոֆեսիոնալ ներուժի համախմբումը`
- Ամենակարևոր խնդիրը նաև այն է, որ ոլորտի ողջ պրոֆեսիոնալ ներուժը, անկախ քաղաքական կողմնորոշումներից, քաղաքական անցյալից կամ պրոֆեսիոնալ գործունեության անցյալից, համախմբվի` զարգացման ծրագրեր ստեղծելու և իրականացնելու համար, և համոզված եմ, որ դրա համար չունենք որևէ խոչընդոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը պետք է լինի այն հիմնական բանաձևը, որով մենք պետք է կառուցենք մեր ապագան: Քաղաքական պրոցեսները` քաղաքական պրոցես, տարաձայնությունները և տարընթերցումներն իրենց հերթին, բայց մեծ հաշվով մեր աշխատանքի բանաձևը կա, շարունակում է մնալ և պիտի լինի համագործակցությունը: Մենք ցանկացած իրավիճակում փնտրում ենք համագործակցություն, և եթե փնտրում ենք, նշանակում է` նաև կգտնենք:
Հետաքրքիր շեշտադրում է կատարել գործադիրի ղեկավարը` Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ներկայացնելով.
- Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, որով ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում և առաջիկայում սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր պետության զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը: Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել, ինչը նշանակում է, որ հանրությունը նույնպես ընկալում է և ընդունում տրամաբանությունը, որ կա գծեր գծելու ժամանակը և կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա թևակոխում ենք մի շրջան, երբ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և թևակոխենք դրանք ջնջելու փուլ: