Անմահության ուղին Երկրից է սկսվում
ՀԱՏՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ՝ ՀՆՉԵՑՎԱԾ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»:
…Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաևՀայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ եւ ինձ ուղղված վերջին նամակում մասնավորապես գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։
Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին:
Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։
Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր.
Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձեւակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:
Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ։