Պետություն-մասնավոր նոր հարթակ՝ «Տուրիզմ Արմենիա»
Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու, միասնական ձայնով հանդես գալու նպատակով այս տարվա օգոստոսին ստեղծվել է «Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիան»։ Ասոցիացիան նպատակ ունի աշխարհի այլ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղությունը խթանել «Տուրիզմ Արմենիա» բրենդով։
«Տուրիզմ Արմենիան» արդեն սկսել է ակտիվ գործունեությունը։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, ասոցիացիայի աջակցությամբ մեր երկրի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։ Արդյունքների մասին կհայտարարվի առաջիկայում։
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատորներ։ Ներկայում զբոսաշրջային 30-ից ավելի ընկերություններ բանակցում են՝ ասոցիացիային անդամակցության համար։ «Տուրիզմ Արմենիայի» խորհուրդը նոր անդամների համար խստագույն չափորոշիչներ է սահմանել. անդամագրվել կարող են բացառապես ներգնա (դեպի Հայաստան) զբոսաշրջային հոսքեր ապահովող ընկերությունները։
- Աշխարհում հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը խթանելուց բացի, ասոցիացիան նաև շահավետ հարթակ է լոբբիստական աշխատանքի համար՝ մասնավոր հատվածի շահերը կառավարությանը ներկայացնելու և կառավարության նախաձեռնած փոփոխություններն ավելի հեշտությամբ մասնավորին ընդունելի դարձնելու նպատակով,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի մասնագետներն արդեն սկսել են նաև ուսումնասիրել Հայաստանում զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգի նախագիծը, որը կառավարությունը վերջերս է դրել շրջանառության մեջ՝ շահագրգիռ կողմերի առաջարկները հաշվի առնելու նպատակով։