Արծվաշենցիները մնացել են «լուսանցքում»

1992 թվականի օգոստոսի 8-ից է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված Արծվաշեն գյուղը ՀՀ միակ բնակավայրն է, որ շարունակում է գերեվարված մնալ արդեն 26 տարի: Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով՝ այս համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս 719 է, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, 55 ընտանիքներ՝ այլ մարզերում։ Եվ ավելի քան քառորդ դար նրանց հուզող խնդիրները մնում են անլուծելի:
 
Օրեր առաջ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող ՝ 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին այսօր ընդունել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները և մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները նշել են, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն և 1 անգամ 708 մլն դրամի չափով: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը և պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:
 
Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Միևնույն ժամանակ վարչապետը հորդորել է արծվաշենցիներին՝ հստակ ձևակերպել ակնկալիքները կառավարությունից և ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի և ժամանակացույցի վերաբերյալ:
 
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ 20-օրյա ժամկետում վերհանել և ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992թ. ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ և որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել և ո՞ւմ է տրվել՝ թե′ անվանական, թե′ ընդհանուր կտրվածքով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ողջ տեղեկատվությունը կվերլուծվի, կհամադրվի, կստուգվի և հաջորդ հանդիպմանը համատեղ կքննարկվեն հետագա անելիքները: