ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր ֆեյսբուքյան իր էջում ծանուցել է.
 
- Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները՝ որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ 
 
Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ 
 
Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին՝ առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ։