«Շատ դժվար, բայց շատ հաճելի գործ», որից կշահի պետբյուջեն

ՊՎԾ ՊԵՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է

Ընդամենը մայիսին ստեղծված՝ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության 100-օրյա գործունեության ամփոփումը, թերևս, ամենասպասվածներից էր: Եվ, ինչպե նշեց դրա հիմնադիր-ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ «շատ դժվար, բայց շատ հաճելի գործ է զրոյից կառույց հիմնելը»: Իսկ նրա ներկայացրած փաստերը հավաստիքն էին այն աշխատանքների, որոնց արդյունքներն արդեն իսկ թվային ձևակերպում ունեն:
 
Կառույցի առաջին քայլը եղել է վերահսկողությունը Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, և երկուսում էլ հանցակազմ պարունակող իրավիճակներ են արձանագրվել։
 
Ձեռնպահ մնալով իրավական գնահատական տալուց, ՊՎԾ պետը միայն արձանագրեց, որ առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձվի պետբյուջե և 210 մլն դրամ էլ՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից։ 
 
Հետաքրքիր մի մանրամասն է ներկայացրել Դավիթ Սանասարյանը. փաստ, որը ոչ թե զարմացնում, այլ խորացնում է բնակչության համոզվածությունը, որ ԲԷՑ-ում չարաշահումներ կան.
 
- ԲԷՑ-ում մենք հայտնաբերեցինք, որ ածելիով քերել էին տրանսֆորմատորների վրա գրված արժեքներն ու գրիչով նորից գրել։ Մի տրանսֆորմատոր էլ 12 միլիոն դրամով լիկվիդացրել էին՝ գրելով, որ այն վերանորոգման ենթակա չէ։ Բայց մենք ոստիկանների հետ գտանք այդ տրանսֆորմատորը «Միկմետալում» աշխատելիս,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ ստուգումները նաև բացահայտել են, որ ընկերության տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել է ԲԷՑ-ի միջոցներով, աշխատակիցների ուժերով։ 
 
Բուհերում նույնպես ուսումնասիրություններ են կատարվում, և՝ 
 
- Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել,- ասաց Դավիթ Սանասարյանը։
 
Իսկ նշյալ բուհի արդեն նախկին ռեկտոր Նշան Գրիգորյանը գնման բոլոր մրցույթներում հաղթող է ճանաչել իր մերձավորներին: ՊՎԾ պետի փաստարկմամբ՝ 
 
- Գնման գործընթաց է տեղի ունեցել։ Մրցութային փաթեթը նույնիսկ չի բացվել, մենք ենք բացել, բայց տենդերն անցկացվել է։ Փաթեթում գնային առաջարկի 2 բնօրինակ է հայտնաբերվել՝ տարբեր գնային առաջարկներով։ Ընդ որում, բոլոր մրցույթներում հաղթել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված անձինք:
 
Ի դեպ, միջազգային կապալառուները նույնպես ուշադրության կենտրոնում են. նրանցից մեկում հայտնաբերվել է պայմանագրի արժեքն ուռճացված է, և1,5 մլն դոլարով բարձր  պայմանագրային գինը կիջեցվի:
 
Որպես քաղաքացիների հետ համագործակցության հրավեր՝ Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է լսել բոլորին: 
 
Իսկ Ծառայության հաջորդ թիրախը լինելու է Հայկական ատոմային էլեկտրակայանը. այնտեղ տիրող իրավիճակն ուսումնասիրելու հանձնարարականը վարչապետից են ստացել։