Լքել են ԵԾ-ն

ԴԱ ՉԻ՞ ՎՆԱՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Ընդամենը երկու օր առաջ՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունը վերահաստատել  էր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու վճռականությունը՝ ընդգծելով, թե  որևէ քաղաքական ուժի մրցակից չի համարում:
 
Երևանի ներկայիս ավագանու մաս կազմող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կրկին ձգտում է մասնակցել քաղաքի կառավարմանը՝ կուսառաջնորդ Զարուհի Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու ակնկալիքով: 56 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որին հաջորդում են Հենրիկ Քարիմյանը, Արա Փահլևանյանը, Արամ Ենոքյանը և Սիլվա Վարդանյանը:
 
Այդ ցուցակում, անշուշտ, ընդգրկված է նաև Մարինա Խաչատրյանը, ում հանրությունը ճանաչեց հատկապես ավագանու նիստին կոյուղաջրով ներկայանալու միջադեպով: Նաև, իհարկե, ակտիվ ելույթներով: Իսկ այսօր Մարինա Խաչատրյանն իր երեք կուսակիցների հետ (Խաչատուր Շահբազյան, Կոնստանտին Ղարիբյան, Աստղիկ Պետրոսյան) բոլորովին այլ անակնկալ է մատուցել հանրությանն ու ԵԾ-ին՝ հայտարարելով կուսակցությունից և ընտրական ցուցակից դուրս գալու մասին:
 
- Հարգելի գործընկերներ, Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։
 
«Ազատություն» հ/ը հարցին ի պատասխան՝ Մ. Խաչատրյանը մասնավորեցրել է, որ իրենց այդ քայլը ոչ թե շահերի բախման հետևանք է, այլ՝ «գուցե ճանապարհի, գուցե պատկերացումների տարբերություն»: