Հայկական «АК»-ների հեռանկարում

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած լուրը ոգևորիչ էր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել «Royalsys Engineering ltd» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը: Նախ, Հայաստանը ապահով ված կլինի այդ զինատեսակով, աշխատատեղեր կբացվեն, արտաքին առևտուրը կզարգանա…
 
Բայց դա՝ արտաքին «փաթեթավորմամբ»:
 
Արտադրական կարողություններից զրկված Հայաստանի համար ցանկացած ձեռնարկություն ողջունելի է, բայց ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւ հատկապես հիմա: Իրեն մեր ռազմավարական գործընկերը հռչակած Ռուսաստանը առնվազն 30 տարի ժամանակ ուներ՝ Հայաստանում գործարկել անգործության մատնված ձեռնարկությունները, որոնց մի մասին հենց իրենք են տիրացել՝ «Գույք պարտքի դիմաց» պահանջատիրությամբ: ՈՒրեմն ինչո՞ւ հատկապես այս պահին, երբ ՌԴ դեմ ամերիկյան պատժամիջոցները կիրառում են ստանում , մեր հնօրյա դաշնակիցը նման պայմանագիր է կնքում:
Այս առնչությամբ, ի դեպ, մտահոգություն է հնչեցրել նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ֆեյսբուքյան համառոտ գրությամբ. 
 
- Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ։ 
Կալաշնիկով գրուպը 2014ից ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցների տակ է։ Մեր դաշնակիցները եթե ուզենային Հայաստանում զարգացնել ռազմաարդյունաբերությոնը, դա վաղուց արած կլինեին՝ երբ իրենք էլ շատ փող ունեին, սանկցիաներ էլ չկային։ Սա վտանգավոր խաղ է ու թիվ մեկ թիրախը Հայաստանն անուղղակի պատժամիջոցների դաշտ մտցնելն է։ 
 
Չգիտեմ, թե ինչ հաշվարկով է ՀՀ իշխանությունը այս հակաամերիկյան դեմոնստրացիային միացել։ Չգիտեմ էլ, թե համագործակցության համաձայնագրում ինչ ճկունություններ են ապահովված Հայաստանի համար։ Կցանկանամ, որ անտեղյակության արդյունք չլինի ու փարատեն բոլոր կասկածները։ Ամերիկյան կողմը նման բաները չի անտեսելու, եթե դրանք շոշափում են պատժամիջոցները։ 
 
Զարմանալի է, որ Հայաստանում այս խնդրի մասին չի խոսվել ու գրվել։
 
Լրացում։ Իսկ առջևում Թրամփ-Փաշինյան հանդիպման հեռանկարն է, և ԱՄՆ հարյուր տոկոսով չէր երաշխավորել, որ դա կկայանա...
 
Մի դեպքում սա կարող է ռուսական կողմից, իսկապես, խայծ լինել՝ Հայաստանն իր հետ պատժամիջոցների դաշտ քարշ տալով՝ այն իր մշտական վասալը պահելու նկրտումով: Սակայն այլ տարբերակ էլ կարող է լինել. «Կալաշնիկով»-ները պահանջարկ ունեն Ամերիկայում, և որպեսզի պատժամիջոցները չխանգարեն դրանց մատակարարումը, Հայաստանից դրանց արտահանումը և՛ հեշտ կլինի, և՛ ցանկալի: 
 
Վերջին տարբերակը լավատեսական է, իսկ մեզ իրատեսական որոշումներ են պետք: Այնպես որ՝ նոր իշխանությանը չսխալվելու նոր «պարտադրանք» է առաջադրված: