Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում են եկել խոցելիության ճեղքեր

Նա այսօր նամակով դիմել է Հիմնադրամի նվիրատուներին, ու մասնավորապես ասվում է.
- Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Նախագահ Պրն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնեցին Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապես հետո մեկնեցի Երևան, ուր հուլիսի 15 և 16-ին հանդիպումներ ունեցա պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաեւ Հիմնադրամի Երևանի գրասենյակի անձնակազմի հետ:
Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին՝ այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:
Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:
Առաջիկայ օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կողմից սեպտեմբերի 10-ին՝ իմ նախագահության ներքո:
Հարգելի նվիրատուներ,
Անցյալ 26 տարիների ընթացքին, Հայաստան Համահայկական Հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու՝ ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:
Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին:
Համոզված եմ, որ Հիմնադրամը իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության:
Պետրոս ԹԵՐԶՅԱՆ
Հայաստան Համահայկական Հիմնադրամի
Գործադիր Տնօրինության Ժամանակավոր Պաշտոնակատար