«Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը». Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ:
 

Ի պատասխան մասնակիցներից մեկի` կառավարության կարևորագույն նպատակներից մեկի մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է.

- Մեր քաղաքական ուժի և մեր քաղաքական գործունեության ամենակարևոր նպատակներից մեկն է մեծ հայրենադարձության հարուցումը: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ կա օրինականություն, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ հնարավոր է տնտեսական մրցակցության հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ներդրումներ անել, հարստանալ և հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարավորություններ: Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետևյալն է. ըստ էության արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է և պտտվել, մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան և շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարևոր նպատակը: