Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է

 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
 
 
 
Սիրելի հայրենակիցներ.
 
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
 
Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության և ժողովրդի կարևորագույն նպատակներից է։ 
 
Մեր երկրի  հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, և Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։
 
Մեր քայլերն այսուհետ ևս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում։ Ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են։ 
 
Մեր պայքարը և աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝  սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա և լիարժեքորեն կյանքի կոչվեն։
 
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
 
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։