Հացն ու գինին, տեր կենդանին

ԳՈՆԵ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ ՍՈՎՈՐԵՆՔ՝ ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁՈՎ

Մեր մոլորակի ընդերքն ու քարանձավներն օրեցօր նոր գաղտնիքներ են բացահայտում՝ հիմնովին վերափոխելով հին աշխարհի մասին արդի մարդու պատկերացումները: Իտալիայի Սիցիլիա կղզու քարանձավներից մեկում գտնվել է գինով լի անոթ, որն իր տարիքով կարող է մրցել հայկական Արենիի գինեգործական համալիրի հետ: Անգլալեզու «Լոկալը» հայտնել է, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի համալսարանի հետազոտողները պղնձե անոթը հայտնաբերել են կղզու հարավարևմտյան ափին՝ Մոնտո Կրոմնիո բլրի վրա, և վերագրել մ.թ.ա. 4-րդ հազարամյակին: 
 
Այսպիսով պարզվում է, որ Իտալիայի տարածքում դեռևս 6000 տարի առաջ գինի է պատրաստվել (անոթում գինեթթվի և աղի հետքեր են եղել, իսկ դրանք բնական ճանապարհով արտազատվում են գինի պատրաստելու ընթացքում): Մինչ այդ եղած հնագիտական տվյալները գիտնականներին հիմք էին տվել եզրակացնելու, թե իտալացիները միայն 3000 տարի առաջ են սկսել գինի արտադրել: 
 
Նկատի ունենալով, թե գինին որքան օգտակար ըմպելիք է (հարբեցողությունը բացառելով)՝ դրա արտադրության վաղեմությունը բնավ էլ աննշան երևույթ չէ: Հո զուր չի՞ առասպելն ասում, թե հետջրհեղեղյան Արարատից իջնելուց հետո Նոյի առաջին գործը հայոց հողում խաղողի որթ տնկելը եղավ: Գինին, ինչպես հայտնի է, խաղողի ճզմված կորիզների շնորհիվ պայքարում է, օրինակ, քաղցկեղի դեմ, իսկ որոշ սննդաբանների պնդմամբ՝ միակ հեղուկն է, որը թույլատրելի է ճաշելիս ըմպել: 
 
Հենց միայն Սասնա դյուցազունների երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», շատ բան է ասում: Արենիում գտնվել են ապացույցներ, որոնք հաստատում են, որ մեծ քանակությամբ արտադրված գինին ծիսական նշանակություն է ունեցել: Այսինքն՝ դա սրբազան ըմպելիք է եղել: Սրան հակառակ՝ ցքի (օղի) օգտագործողներին հասարակությունը մերժել է, հարբեցողության համար հալածել: Պատմագիտությունը չի կարող հաստատապես ասել, որ 6000 տարի առաջ Իտալիայի տարածքում հենց իտալացիներն են գինի պատրաստել, մինչդեռ Արենի ունեցող Հայաստանում հայի գենն առկա է առնվազն 8000 տարի: 
 
Ամերիկացի գիտնականներն այժմ Իտալիայում հայտնաբերել են մի մշակույթի հետքեր, որը հնարավոր է՝ հայի ձեռքով է ստեղծվել: Որովհետև շատ այլ ապացույցներ էլ կան, ըստ որոնց՝ քաղաքակրթական տարբեր նվաճումներ հենց հայկական լեռնաշխարհից են տեղաշարժվել ու հաստատվել մոլորակի տարբեր անկյուններում: Ու հիմա հարց է ծագում՝ սա մեր գիտնականներին որևէ չափով հկետաքրքրի՞, կդառնա՞ շարունակական պատմության մի օղակը: Ավելի հավանական է, որ շատ այլ բաների նման կորոշեն, որ մեզ հետ առնչություն ունենալ չի կարող ու հանգիստ խղճով կշարունակեն կցկտուր մեկնաբանություններ տալ անցյալի պատմությանը:
 
Ի դեպ, գինու ավանդույթներով Վրաստանն էլ է հպարտանում, նույնիսկ գինեգործության պատմության թանգարան են հիմնել, սակայն այնտեղ այս ազնիվ ըմպելիքի ամենավաղ հետքերը վերագրվում են մ.թ.ա. 9-10 դարերին, այսինքն 3000 տարի առաջվան: Նրանք գինու վերաբերյալ զրույցներ, ավանդապատումներ նույնպես ունեն, սակայն այլ է մեր դյուցազունների անխախտ երդումի սրբազան խոսքը: Հենց միայն ճիշտ ներկայացնելով, թե վայրի հացահատիկի հայրենիք ու գինեգործության ամենահին հետքերն ունեցող Հայաստանում, ուր ամեն քայլափոխի տաճարներ են կանգուն, ինչ խորհուրդ ունի «Հացն ու գինին, տեր կենդանին» երդումը՝ կարելի կլինի զբոսաշրջիկների հոսք ապահովել: Որ Վրաստանն ու Իտալիան իրենց ունեցածից մեծ շահ կստանան՝ կասակած չկա:
 
Մնում է՝ մենք էլ գոնե բարի նախանձով նրանցից սովորենք: