Մինչև աչքդ թարթես՝ ախտորոշումդ պատրաստ կլինի

«ՌՈԲՈՏ-ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ» ՆԱև ՕԳՏԱԿԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ

Հիվանդին բուժելու նախապայմանը ճիշտ ախտորոշումն է: Շատ հիվանդությունների ելքն էլ, ինչպես հայտնի է, ախտորոշման արագությունից է կախված. որքան շուտ հայտնաբերվի, բուժումն այնքան արդյունավետ կլինի:
 
Մինչ արհեստական ինտելեկտի հետ առնչություն ունեցող ծանրակշիռ մասնագետները ահաբեկված՝ դիմում են հղում ՄԱԿ-ին, որպեսզի այն կանխի «ռոբոտ-մարդասպանների» ստեղծման հեռանկարը, չինացիները որոշել են, որ ավելի լավ է գիտության այդ նվաճումն օգտագործել մարդկանց կյանքը բարելավելու, առողջությունն ամրապնդելու նպատակով: 
 
Արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված քայլաշարի շնորհիվ չինական սուպերհամակարգիչն ընդամենը 5 վայրկյանում կարողանում է 100 հիվանդի համար ախտորոշում կազմել՝ սկսած նյարդային հյուծումից մինչև տարափոխիկ հիվանդություններ («Սինհուան» լրատվամիջոցի փոխանցմամբ):  
 
Ախտորոշման այս համակարգն այլ առավելություններ նույնպես ունի. օրինակ առաջարկում է ընտրել ամենահարմար բուժումը: Փորձնական շահագործման ընթացքում պարզվել է, որ համակարգիչը բժիշկներից 20 %-ով ավելի ճշգրիտ է ախտորոշում։ Չինացի գիտնականները սա համարում են բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու լավ հնարավորություն:
 
Ինչպես ցանկացած տեխնիկական առաջընթաց, սա ևս, անշուշտ, գործազրկության համար պարարտ հող է ստեղծում: Չէ՞ որ եթե ամբողջ աշխարհում այն կիրառելի դառնալու դեպքում ախտորոշիչ բազմաթիվ փորձարաններ ու սարքավորումներ պարզապես կավելորդվեն: Բայց մյուս կողմից (եթե, իհարկե, չպարզվի, որ այս համակարգը ինչ-ինչ վնասակար ներգործություններ է ունենում)՝ քանի-քանի հետազոտվող կձերբազատվի, օրինակ, արյուն հանձնելու կամ այլ տհաճ բուժակարգերի ենթարկվելու անհրաժեշտությունից: Իսկ սա արդեն մեծ ձեռքբերում է: