Ինչե՞ր կբացահայտի արևի երեկվա խավարումը

Արևի խավարումը բոլոր դարերում ազդել է մարդու գիտակցության վրա, և այդ երեևույթին բազմաթիվ մոգական նշանակություններ են վերագրել, հիմնականում՝ բացասական: Մեր օրերում, սակայն, ամեն մի դպրոցական գիտի դրա պատճառը, լրատվամիջոցներն էլ նախօրոք են տեղեկացնում, թե հերթական խավարումը երբ կլինի և մոլորակի որ կետերից կդիտվի: Այնպես որ՝ հետաքրքասերների պակաս չի լինում: Օգոստոսի 21-ի «Ամերիկյան մեծ խավարումը» ևս այնքան մարդկանց է հետաքրքրել, որ մի աշխատանքային բյուրո հաշվարկել է, թե Միացյալ Նահանգների ընկերությունների վրա այն համարյա 700 մլն դոլար կնստի: 
 
ԱՄՆ-ի տարածքում վերջին անգամ 99 տարի առաջ է արևի լրիվ խավարում եղել, իսկ այս անգամվա խավարումն ամբողջ Հյուսիսային Ամերիկայի տարածքն է ընդգրկում: Մեկ էլ ռուսական Չուկոտկայի տարածքը՝ մասնակիորեն: Երկու րոպե լուսինը ամբողջովին ծածկում է արևի լույսը, և ցերեկը վերածվում է գիշերվա: Խավարման ամբողջ ընթացքը մեկուկես ժամ է տևում: ԱՄՆ-ում նույնպես որոշ վայրերում խավարումը մասնակի է եղել: Օրինակ Վաշինգտոնում լուսինը միայն 80%-ով է  ծածկել արևը: 
Երբ Հայաստանում արդեն ուշ երեկո էր, ԱՄՆ տարածքում լուսնի ստվերն սկսել էր ծածկել արևի սկավառակը: Երկնքում կատարվողը հատուկ ակնոցներով դիտելու էին դուրս եկել Միացյալ Նահանգների միլիոնավոր բնակիչներ: Ի դեպ՝ դիտել ցանկացողներին հատուկ ակնոցն անվաճար էր տրամադրվում: Ահա հենց նրանց էլ վերաբերում էր վեր նշված 700 մլն դոլարի վնասը: Ըստ հաշվարկի՝ խավարման ժամերին 87 հազ. մարդ պետք է աշխատանքի վայրերում լիներ, բայց նրանցից հատուկենտը միայն խավարումը դիտելու ցանկություն չունեին: 
 
Ինչպես նախօրոք տեղեկացվել էր, NASA-ն 30 հազ. մետր բարձրությունից խավարումը նկարահանում և ուղիղ եթերում ցուցադրում էր հատկապես մոլորակի այլ լայնություններում ապրողների համար, ովքեր բնության այս ուշագրավ երևույթին հետևելու այլ հնարավորություն չունեին: Բայց դե՝ NASA-ի աշխատակիցներն էլ են հասարակ մահկանացուներ, ովքեր ևս ցանկանալով մեր մոլորակից անբաժան իրական և սին լուսատուների շարժումներին սեփական աչքով հետևել՝ շատերը աշխատանքը բարձիթողի էին արել, և ուղիղ հեռարձակումը որոշակի խափանումներով է տեղի ունեցել:
 
Սա էլ այս խավարման բացահայտումներից մեկն է՝ նույնիսկ Միացյալ Նահանգներում հնարավոր է աշխատանքային կարգապահությունը խախտել, եթե ուշադրությունը շեղողը 100 տարին մեկ կատարվող երևույթ է: Իսկ ընդհանրապես՝ նման խավարումների ժամանակ է, որ մարդը հնարավորություն է ստանում ուսումնասիրել մեր լուսատուի վրա կատարվող երևույթները: Կասկած չկա, որ NASA-ի նկարահանումները միայն հեռարձակելու համար չեն արվել, դրանք հաստատապես Արեգակ աստղի մասին հայտնագործությունների համար հարուստ նյութ կտան: Միայն հարց է՝ դրա համար պատասխանատուները հարկ կհամարե՞ն հասարակ մարդկանց նույնպես այդ գաղտնիքների հաղորդակից դարձնել: