Սառցե մայրցամաքի հրե ընդերքը

Գլոբուսին նայելիս` երկրացիներից քչերն են Անտարկտիդայի վրա ուշադրություն դարձնում: Հասարակ մարդիկ երևի դրա անունը հիշում են միայն մայրցամաքներն ու աշխարհամասերը թվարկելիս, այն էլ` վերապահումով: Մինչդեռ պարզվում է` սառցե մայրցամաքը շատ անակնկալներ է պահում:

Դրանցից մեկը վերջերս է բացահայտվել: Էդինբուրգի համալսարանի գիտնականներն Անտարկտիդայի երկուկիլոմետրանոց սառցաշերտի տակ հայտնաբերել են մոլորոկի հավանաբար ամենամեծ հրաբխային գոտին: Դրա համար նրանք ուսումնասիրել են մայր ցամաքի սառցածածկ մակերևույթը և տիեզերքից ստացված արբանյակային լուսանկարները: Պարզվել է` Անտարկտիդայի արևմտյան եզրագծով տարածվում է 91 հրաբխից բաղկացած հսկա գոտին, իսկ այդ հրաբուխները 100-ից մինչև 3850 մ բարձրությունների վրա են: 

Գիտնականները հայտնել են, թե այդ փաստն իրենց ուղղակի ապշեցրել է, քանի որ երբեք չեն կասկածել, որ այնտեղ այդքան հրաբուխ կա (հաղորդել է «Գարդիանը»): Մանավանդ` դրանից առաջ այնտեղ հայտնաբերված հրաբուխների թիվը սահմանափակվել էր 47-ով:

Մասնագետներին այժմ ամենաշատը մեկ հարց է մտահոգում` այդ հրաբուխները որքանո՞վ են գործուն: Նրանք հայտնել են, որ այս հարցի պատասխանը հարկավոր է ամենաարագ կերպով ստանալ: Բայց ի՞նչն է ուսումնասիրողներին այսպիսի ցայտնոտի մատնել: Գուցե այն միտքը, որ եթե այդ հրաբուխներն սկսեն իրար հետևից ժայթքել, Անտարկտիդայի հսկա սառցադաշտերի ջրերը կողողեն համաշխարհային օվկիանոսը` առաջացնելով բնապահպանական ու տարբեր կարգի այլ աղետներ: Մանավանդ` մեր մոլորակի հրաբուխները, կարծես, վերջին տարիներին սկսել են արթնանալ: Մյուս կողմից էլ` միլիոնավոր տարիներ այդ հաստ սառցաշերտն իր համար գոյատևում է, ինչո՞ւ հիմա անհանգստանալ: 

Բայց, ինչպես ասում են` այստեղ մի «բայց» էլ կա. չէ՞ որ մեր մթնոլորտի պաշտպանիչ օզոնային շերտը «մարդու խելքից» պատռվածք է տվել հենց Անտարկտիդայի վերևում: Իսկ միգուցե գիտնականները վախենում են, որ անպաշտպան մնացած այդ ճեղքից հրաբխային գոտին այնպիսի տիեզերական խթաններ կստանա, որոնք կանխատեսելն ու վնասազերծելն անհնար կլինի…