Գովազդ, որը հարյուր տարի անց էր ներգործելու

Մեր մոլորակի հարավային բևեռում՝ հավերժական սառույցների ամայի թագավորությունում, նորզելանդացի գիտնականները 106 տարվա թխվածք են գտել:
 
Զարմանալին այն է, որ մրգային կեքսը հիանալի պահպանվել է և թարմ տեսք է ունեցել: Թխվածքը գտնվել է Արևելյան Անտարկտիդայի Վիկտորիայի երկիր շրջանում՝ մի լքված  խրճիթում: Ուշագրավ է, որ թխվածքը բրիտանական «Հանթլի և Փալմերներ» հրուշակեղենի ձեռնարկության արտադրանքն է և խնամքով փաթեթավորված է եղել ու տեղադրված մետաղյա տուփի մեջ: Ընդ որում, 1822թ. հիմնադրված այս ձեռնարկությունը մինչև այսօր գործում է:
 
Տնակում նաև պահածոյացված միս, ձուկ, մուրաբա է հայտնաբերվել: Աշխարհին այս մասին տեղեկացրել է Նոր Զելանդիայի «Անտարկտիդայի ժառանգության հիմնադրամը» (Antarctic Heritage Trust), որի հետազոտողներն էլ հենց  հայտնաբերել են տնակը:
 
Ըստ նրանց տարածած ենթադրության՝ գտնված պաշարները բրիտանացի բևեռախույզ Ռոբերտ Սքոթի արշավախումբն է այնտեղ թողել: Հաղորդվում է, որ հիմնադրամի կառավարիչ Լիզի Միքիի պնդմամբ՝ կեքսը թեև ախորժալի տեսք ունի, սակայն տհաճ հոտ է արձակում: Այնպես որ, նրանք հրաժարվել են դա փորձել: Թեև, եթե այդ հոտն էլ չլիներ, ո՞վ կարող էր իրեն թույլ տալ՝ համտեսել նման գտածոն: Դա չէ՞ որ բազմատեսակ տեղեկություններ է պարունակում. նաև այն մասին, թե 20-րդ դարասկզբի բևեռախույզները սննդամթերքի ինչպիսի պաշարով են ճանապարհվել մարտիրոսության հավասար իրենց արշավներին: 
 
Հնարավոր է, որ տնակից հեռանալիս Սքոթի արշավախումբը սննդամթերքի մնացորդներն այնտեղ է թողել՝ մտածելով, թե դրանք կարող են սովամահությունից փրկել սառույցների մեջ բախտ որոնող ուրիշ մարդկանց կամ ինչ-որ կենդանիների: 
Ըստ էության՝ 106 տարի այնտեղով ոչ մի կենդանի շունչ չի անցել: Սա, սակայն, չի նշանակում, թե մայր ցամաքը լիովին ամայի է: Նախ՝ այնտեղ տարբեր երկրների հենակետեր կան: Բացի այդ էլ՝ չարագուշակ շշուկներ են պտտվում, թե սառցե մայրցամաքում հանգրվանել են այնպիսի ուժեր, որոնք մեր մոլորակին սպառնում են ռազմական անսպասելի հարձակմամբ: Այդ շշուկները, օրինակ, ակնարկում են, թե պարտված նացիստներն այնտեղ հենակետ են ստեղծել՝ իրենց չիրականացած ծրագրերը ավելի բարենպաստ պահի իրագործելու համար:
 
Իհարկե, մարդկության համար լավագույնը կլինի այն, որ Անտարկտիդայի խորհրդավորությունը սահմանափակվի սառցե ամայությամբ, որտեղ գաղտնիքներ կորոնեն բնագետ հետազոտողները: