Եղանակնե՞րն ինչու են գժվել

2017թ. ամառային արևադարձը (որ արդեն հունիսի 20-ին է տեղի ունենում) եղանակային բազմաթիվ շեղումներ բերեց: Ճիշտ է՝ օրացուցային ամառը դեռևս նոր է սկսվել, սակայն որոշ վայրերում օդի ջերմաստիճանն արդեն տանելիից բարձր է: Օրինակ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում գրեթե 50 աստիճանի շոգ է կանխատեսվել, որի պատճառով ավիաընկերությունները մտադիր են իրենց չվերթները չեղարկել: Պարզվում է՝ որոշ տեսակի ինքնաթիռների համար այդպիսի տապը վտանգավոր է:

Մոլորակի մյուս կիսագնդում նույնպես եղանակային շեղումներ են գրանցվել: Հավերժական սառածության գոտում տարածվող Կրասնոյարսկում (ՌԴ) ջերմաչափն արդեն +40 աստիճան է ցույց տալիս, և նման շոգին անսովոր սիբիրցիներն ապավինում են փողոցային շատրվանների ու պաղպաղակի զովացուցիչ ազդեցությանը:
Ամառային արևադարձը միայն անտանելի շոգով չէ, որ աչքի է ընկել: Մուրմանսկի մարզում էլ ձյուն է տեղացել, և գետինը սպիտակ գորոգով է ծածկվել: Այնտեղ ջերմաստիճանը մինչև +1 աստիճան իջել է, օդերևութաբաններն էլ «խոստացել են», որ առաջիկայում ավելի ցուրտ կլինի: Միայն թե ցրտին դիմանալու համար մարդիկ հազարումի միջոց են ստեղծել, իսկ, այ, 49 աստիճան շոգից ազատվելու համար ի՞նչ կարելի է անել: Նույնն է, թե քայլես կրակին դրված թավայի   միջով...

Ինչքան էլ այս տարի անսովոր հով հունիս է անում, եղանակաբանները Երևանի համար էլ են շոգ ամառ գուշակել: Ասում են՝ հուլիսն ու օգոստոսը շատ շոգ է լինելու: Ամռան շոգով Արարատյան հարթավայրի բնակիչներին, իհարկե, չես զարմացնի, չնայած լավ կլիներ` մարդկանց շատ չչարչարեր: Խոսքը, իհարկե, արտասահմաններում շքեղ հանգիստ վայելողներին չի վերաբերում:

Առանց այն էլ Երկիր մոլորակի վրա ապրելը շատ է դժվարացել` մարդ արարածի անտրամաբականական պահվածքի ու վնասարարական գործունեության պատճառով: Հիմա էլ եղանակն է վնասներ հասցնում իր անտրամաբանական դրսևորումներով: Իսկ գուցե դրանով վերին ուժերը փորձում են մարդուն խելքի՞ բերել...