«Կախարդական» մատանին հեքիաթ չէ

Աշխարհում քանի՞ մարդ կլինի, որ չի երազում միանգամից հսկայական հարստության տեր դառնալ: Միամիտ չունևորները մտածում են, թե դրա ճանապարհը կա՛մ վիճակախաղում շահելն է, կա՛մ գանձ գտնելը… Պարզվում է՝ միանգամից հարստանալու ուրիշ միջոց էլ կա՝ օրինակ 35 տարի առաջ մի քանի դոլարով գնված մատանիդ վաճառքի հանես:
 
«Սոթբիս» աճուրդի տունը 80-ականներին ընդամենը 13 դոլարով գնված մատանին վաճառել է 850 հազ. դոլարով: Ջեսիկա Վայդհեմն այդ զարդը գնելիս չի էլ պատկերացրել, որ քարը 26 կարատանոց ադամանդ է: Մանավանդ՝ լավ հղկված չլինելով՝ այն ադամանդի պես չի փայլել: Այստեղ կարելի է նաև եզրակացնել, որ վաճառողը նույնպես այդ փաստին տեղյակ չի եղել, որտեղից էլ միտք է առաջանում, թե դա ուղղակի գողացված ապրանք է եղել:
 
Հետաքրքիր է՝ իր «հնոտու» դիմաց ի՞նչ գումար է ակնկալել Ջեսիկան: Հաստատ կարելի է ասել, որ մեծ ակնկալիքներ չի ունեցել: Իսկ եթե մարդը վերավաճառում է իր էժանագին զարդերը, նշանակում է՝ ուղղակի կարիքի մեջ է: Փաստորեն այդ կարիքը երջանիկ ժամի է նրան հուշել՝ վաճառքի հանել 30-35 տարվա վաղեմության իրը: Ու նաև կարևոր բացահայտում է արել՝ կախարդական մատանիները միայն հեքիաթում չեն լինում:
 
Մարդիկ սիրում են ասել՝ ամեն փայլուն բան ոսկի չէ: Այս դեպքն էլ կարող է նոր իմաստուն խոսք ծնել՝ փայլատ քարը կարող է նաև ադամանդ լինել: Քարերը, ինչպես մարդիկ, ինչպես նաև ազգերը, արտաքին փայլով չէ, որ արժեքավոր են: Ու եթե մի անհատ կամ հանրություն «ադամանդ» է ծնվել, պետք է որ ի վերջո իրեն արժանի տեղը գտնի…