«Կանաչների» քաղաքական խաղերից անդին

Մեկ էլ տեսար՝ մի օր էլ վերանալու հերթը մարդուն հասավ: Բնագետները, կենսաբանները ահազանգ են հնչեցնում, սակայն նրանց լսող կլինի՞: Քիչ հավանական է:  Ախր այսօր «Կանաչների շարժումը» քաղաքական էժանագին խաղերով իրեն այնպես է վարկաբեկել, որ նրանց նույնպես հավատացող չի մնացել:  

Ակնհայտ է, որ բնության մեջ  ապրող յուրաքանչյուր բույս ու կենդանի մի անծայրածիր շղթայի բաղկացուցիչ օղակն է և դրա ամբողջականության պատասխանատուն: Հենց միայն այն փաստը, որ երկրագնդի մի հատվածում որևէ պատճառով զանգվածաբար ոչնչացված կենդանատեսակը մեկ այլ հատվածում սկսում է բուռն կերպով բազմանալ` դրա վառ ապացույցն է:

Ըստ հնագետների՝ մեր մոլորակի վրա կենդանիները հինգ անգամ արդեն զանգվածաբար ոչնչացել են, և այդ հինգի պատճառն էլ բնական աղետներն են եղել:

Այլ խնդիր է, թե մեր օրերում ինչ է կատարվում: Հիմա մարդն է գործի դրել կենդանիներին զանգվածաբար ոչնչացնելու մեխանիզմը, իսկ դրա հետևանքներն իրոք կարող են աղետաբեր լինել: «Nature» ամսագրի տվյալներով՝ որոշ կենդանատեսակներ սկսել են մեծագույն արագությամբ ոչնչանալ: Կենսաբանները պնդում են, որ դրա մեղավորը մարդիկ են, ովքեր բնության վրա բացասաբար են ազդում:

Ճիշտ է, մեր օրերում որսագողերը նույնպես դրանում իրենց «լուման» ունեն, սակայն սա չէ մեծագույն սպառնալիքը: Մարդկությունը գնալով մեծաքանակ է դառնում, իսկ բնության մեջ անաղարտ տարածություններ չեն մնում՝ մարդն ամենուր աղտոտում է, ռազմական գործողություններ վարում, ոչնչացնում անտառներն ու մարգագետինները… Վերացման եզրին են կաթնասունների 25, իսկ թռչունների՝ 13 տոկոսը:

Իհարկե, հոգատար անձինք դրանց բոլորին ընդգրկել են Կարմիր գրքում, որպեսզի հետագայում մարդկությունը բրածո կենդանիների կամ ժայռապատկերների հույսին չմնա: Միայն մեկ բան է մոռանում իմաստուն մարդը՝ այդ նույն բնությունը նաև իր ապրելու միջավայրն է: