Մահացու այս չարիքը՝ մաշկային մելանոմա

ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ

Հիվանդության առաջացման հավանականությունը մեծացնող գործոններ են համարվում արևի ճառագայթները, բաց գույնի մաշկը, շեկ կամ կարմիր մազերը, կապույտ աչքերը։ Բարձր ռիսկի խմբում են պեպեններ ունեցող անձինք, քանզի առավել հակված են արևային այրվածքների առաջացման։ Ռիսկը մեծացնում են նաև մեծաքանակ և անսովոր խալերը, ժառանգականությունը, ընտանեկան պատմությունը, 50-ից բարձր տարիքը։ Իսկ ընկճված իմունահամակարգը  մեծացնում է մաշկի քաղցկեղի ցանկացած տեսակի զարգացման ռիսկը։ 
 
Մայիսը հռչակված է մելանոմայի դեմ պայքարի ամիս։ Ողջ աշխարհում այդ ընթացքում իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ: 
Հաշվի առնելով նաև Հայաստանում մելանոմայի թողարկման գլխավոր մեխանիզմի՝ անդրմանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների գումարային «թույլատրելի» չափաքանակի գերազանցման բարձր ռիսկայնությունը՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը մայիսի 20-ը հայտարարել էր մելանոմայի վաղ հայտնաբերման ու ախտորոշման օր։ 
 
Մաշկի չարորակ նորագոյացությունները (ՄՉՆ)` ուռուցքային ախտաբանության կառուցվածքում զբաղեցնում են առաջին տեղը։ Ամեն տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ի մոտ 3 մլն դեպք, որից 132.000-ը` մաշկային մելանոմա։ Մելանոման, կազմելով չարորակ ուռուցքների 1%-ը, հանդիսանում է մահացության ամենահաճախ հանդիպող պատճառը:
 
Հայաստանում 2005թ. արձանագրվել է մելանոմայի 368 դեպք։ Այնուհետև, շարունակաբար աճելով, 2016-ին այս ցուցանիշը հասել է 502-ի։ 
 
Մելանոման կարող է զարգանալ մարմնի ցանկացած հատվածում՝ ներառյալ գլուխ, պարանոց, սեռական օրգաններ, վերջույթներ: Որոշ դեպքերում մելանոմաները լինում են չգունավորված և կոչվում են ամելանոտիկ (ոչ պիգմենտային) մելանոմաներ:
 
Վաղ հայտնաբերման դեպքում մելանոման հնարավոր է վիրաբուժական եղանակով ամբողջությամբ հեռացնել։ Սակայն, այն համարվում է մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձևը և կարող է ներաճել մաշկի խորը շերտեր (ինվազիվ մելանոմա) և տարածվելով արյան ու ավիշի հոսքով՝ առաջացնել մետաստազներ:  
 
Մելանոմայի ախտորոշումը բավական բարդ է։ Թեև այն պատկանում է, այսպես կոչված, տեսանելի ուռուցքների թվին, այնուամենայնիվ, ոչ ճիշտ ախտորոշումների  ցուցանիշը մնում է բարձր։ Վաղ հայտնաբերման և ախտորոշման համար լայնորեն կիրառվում է ժամանակակից դերմատոսկոպիկ հետազոտությունը, որը հնարավորություն է ընձեռում հստակեցնել մաշկային հիվանդությունների ախտորոշումը։ 
 
Այս ախտի վաղ նշաններից է առկա կամ նոր առաջացած խալի ձևի, չափսի, գույնի կամ զգացողության փոփոխությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է շուտափույթ դիմել մասնագետին։ Հիշենք, որ վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն  են։ (Տեղեկատվությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության)