Վարդավառը հեթանոսական չէ՛, այն բացառապես քրիստոնեակա՛ն Տոն է

ՁԵՐ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅԱՄԲ ՄԻ՛ ՊՂԾԵՔ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՍ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՎԱՌԸ

Միշտ Աստծո հետ․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
 
Ինչո՞ւ «Վարդավառ»
 
«ՎԱՌ» բառի իմաստն է՝ պայծառ, լուսավոր, լուցված (օր.՝ ճրագը լուցված կամ վառված), փայլուն, վառ ի վառ՝ փայլփլելով, վառվռուն կերպով, վառված հուր, կրակը վառված և այլն: 
 
Նաև՝ «վառ» բառը պահլավերեն և պարսկերեն նշանակում է՝ նուրբ, զարդարուն և ազնիվ քող, դրոշակ (այստեղից էլ՝ խաչվառ, որը եկեղեցական ծիսական պարագա է, և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Խաչով տարած հաղթանակը):
 
ՎԱՐԴԱՎԱՌ - Վարդը և Իր քող-զգեստները վառված, այսինքն՝ լուսավորված, պայծառացած, շողացող և փայլուն լույսով մեզ երևացած: 
Ինչպես արդեն հասկացանք, այս բառը Այլակերպության Ավետարանական դրվագի բոլոր մանրամասներն ու մեկնողական Խորհուրդները ամփոփում է իր մեջ, և «քանի որ մեր Աստվածը ոչնչացնող Կրակ է» (Եբր. 12:29), Հիսուս Քրիստոս մեզ հայտնապես ցույց տվեց Իր Աստվածությունը՝ Աստվածային Լույսով վառվելով Իր Առաքյալների աչքի առաջ:
 
Իսկ ինչո՞ւ «Վարդ»
 
«Վարդ» - մշտապես պատվի և բանաստեղծական գովեստների արժանացած այս ծաղիկը վարդավառյան Տոնի մեկնություններում համեմատվում է Հիսուս Քրիստոսի հետ. սա առակավոր այլաբանություն է:
 
Ինչպե՞ս:
 
Վարդը աճում է փշերի մեջ.այդպես էլ մեր Տերը բնակվեց հրեաների մեջ:
Մինչ Այլակերպվելը Թաբոր լեռան վրա, Նա, ասես կոկոն վարդ, պատենավորված Իր մեջ էր ամփոփել-թաքցրել Աստվածային Զորության և Պայծառության խորհրդանիշ եղող 4 գույները՝ կանաչը, սպիտակը, կարմիրն ու դեղինը: 
 
Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ սրբազան Թաբոր լեռան վրա էր, որ Քրիստոս բացահայտեց Իր Աստվածային Բնության գուներանգները. դեղինն՝ իբրև Իր անմեղության խորհրդանիշ, սպիտակը՝ Աստվածության, կարմիրն՝ Իր Թանկագին Արյան, որ թափվելու էր Խաչի վրա՝ մահվան գործիքը Կենաց Ծառի փոխելու համար, և կանաչը՝ որպես Նրա հասակի գեղեցկության ու դալար լինելու խորհրդանիշ:
 
Ուստի, Տոնի ժողովրդական «Վարդավառ» անունը մեր Տիրոջը վարդի հետ համեմատելու Խորհուրդն ունի՝ համաձայն Սուրբ Գրիգոր Տաթևացու մեկնության, թե՝ կոկոն վարդը, մինչև բացվելը, թաքնված է իր պատյանի մեջ՝ գեղեցկությամբ ու անուշահոտությամբ, իսկ երբ ծաղկում է, փթթում և գույն ու բույր է հաղորդում մարդկանց. «Եվ կոկոնը բացվելով երևում է բոլորին, ինչպես որ Հիսուս, մինչև Այլակերպությունը, Իր մեջ կրում էր Աստվածային Էությունը և, Պայծառակերպվելով, հայտնում է Իր Աստվածությունը»: 
 
Ջրախաղ
 
«Ջրոցի» կոչված ժողովրդական խաղը պետք է խաղալ դրա հոգևոր իմաստը խորությամբ հասկանալով, ժուժկալությամբ, զսպված և մեղսալից զեխություններից հեռու: 
 
Եթե դուք, վերը նշված հոգևոր պատրաստությունը չեք անցնում, քրիստոնեական Տոնը չեք վերապրում և չգիտեք ջուր ցողելու խորհուրդը, ապա, այո, դուք տոնում եք ժողովրդական հեթանոսություն՝ Քրիստոսի Սուրբ Տոնը վերածելով կերուխումի և դատարկ զվարճության, ինչպես նաև՝ դուք վկայում եք, որ քրիստոնյա չեք:
 
Ինչո՞ւ ջուր
 
Ջուրը մաքրության և կյանքի խորհրդանիշն է: Ջրով ենք ապրում, ջրով ենք նաև մկրտվում՝ դառնալով Երկնավոր Հոր զավակ: 
 
Միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը գալիս է դեռ Նոյի ժամանակներից. քանի որ այն ժամանակ գիր ու գրականություն չկար, ուստի նա իր որդիներին պատվիրում է միմյանց վրա ջուր ցողելու սիմվոլիկ սովորույթով սերունդներին ավանդել ու պատմել Մեծ Ջրհեղեղի մասին, որովհետև մարդկանց մշտապես անհրաժեշտ է հիշել այդ դեպքը: 
 
Հեթանոսական ժամանակներում, սակայն, ավանդույթը մնաց, իսկ իմաստը խեղաթյուրվեց, ինչպես որ այսօր էլ տեսնում ենք, որ մարդիկ արժեզրկում են ամեն ինչ:
 
Ջուրը երկիրը մաքրեց պղծությունից, իսկ մեղավորները՝ պատժվեցին. սա պետք է հիշել ու զգաստանալ, սպասել Տիրոջ Երկրորդ Գալուստին և հավատքի մեջ չթմրել՝ ըստ Տիրոջ Խոսքի. «Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի և Մարդու Որդու Օրը։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և Ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց» (Ղուկ. 17:26-27):
 
Ինչո՞ւ վարդաջուր
 
Քանի որ Տիրոջը համեմատում ենք վարդի հետ, ուստի քրիստոնեության մեջ միմյանց ցողում էին օրհնված վարդաջրով, որովհետև Հիսուս Քրիստոս մեր Աստվածն է և մեր Կենաց Ջուրն է: 
 
Հիմա այս կատարվում է միայն Եկեղեցում՝ Սուրբ Պատարագից հետո:
Եկեղեցում չգտնվող ժողովուրդը, սակայն, այս Սուրբ Խորհուրդները վերածել է կամայական գռեհիկ զվարճության, որը սխալ է. ժողովրդական խաղ խաղալն էլ պետք է լինի զսպվածությամբ և իմաստալից, քանի որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ...